Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայում նախատեսվող հիշատակի ապրիլքսանչորսյան արարողությունները աննախադեպ չափեր են ունենալու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Թուրքիայում գործող DurDe («Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը») կազմակերպությունն ԱՄՆ-ում ստեղծված Project 2015 կազմակերպության հետ համատեղ կոչ է արել աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին մասնակցել Ստամբուլում նախատեսվող հիշատակի արարողությանը:
«Որպես հայեր' մեր ընտանիքների անդամների դաժանաբար սպանության հիշատակությանը մասնակցելու նպատակով Ստամբուլ ենք գնալու: Եվ 100 տարի հետո էլ Թուրքիայի կառավարությունից դեռ հաշիվ ու արդարություն ենք սպասում»,- նշել է Project 2015 կազմակերպության անդամ Սարահ Լիհ Ուիթսոնը: Կազմակերպության մեկ այլ անդամ' Նենսի Կրիկորյանը, նշել է. «Մեծ իմաստ կա նրանում, որ Հայոց ցեղասպանությունը հիշատակենք հենց այնտեղ, որտեղ հանցագործությունն իրականացվել է: Սա ելույթ կլինի' ընդդեմ Ստամբուլում մեր գոյությունը հերքելուն և ոչնչացնելուն»:
Թուրքական DurDe կազմակերպության անդամ Լևենթ Շենսևերը նշել է, որ իրենք ցանկանում են խոսել այդ հողերի վրա բնակվող հնագույն ազգերից մեկի' հայերի Ցեղասպանության մասին: «Անգամ եթե Թուրքիայի կառավարությունը դեռևս չի առերեսվել իր անցյալի հետ, մենք' որպես Թուրքիայի քաղաքացիներ, պատրաստ ենք առերեսվել անցյալի հետ և ցանկանում ենք դա ցույց տալ աշխարհին»,- նշել է Շենսևերը:
Նախորդ տաիների նման' 2015-ին ևս հիշատակի արարողությունները կմեկնարկեն Թաքսիմի հրապարակից: Այնուհետև հավաքվածները կայցելեն 2011 թվականի ապրիլի 24-ին բանակում զինծառայության ժամանակ սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանը Շիշլիի հայկական Գրեգորյան գերեզմանատանը: