«Իշխանության վերին օղակներում նշում են, որհունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Զատկի պատարագից հետո, որին հաջորդելու է Տնօրհնեքը,տեղի է ունենալու մի բան, որն, ըստ էության, մեսիջ է ողջ քաղաքական դաշտին, ինչպես նաև հանրությանը: Ջրօրհնեքի արարողության ընթացքում Հայ առաքելական եկեղեցում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է սուրբ Մյուռոնի աղավնին, պատարագիչ եկեղեցականը Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը: Եվ ահա, ինչպես խոսվում է իշխանության վերին օղակներում, այդ օրվա խաչի կնքահայրը պլանավորված է, որ լինելու է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,- այսօրվա իր համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:


Թերթի ակնարկն ակնհայտ է ու հանգում է նրան, որ իշխանություններն անգամ ծիսական, կրոնական միջոցառումն են օգտագործելու իրենց վերարտադրությանը, տվյալ դեպքում՝ Սեյրան Օհանյանի քաղաքական ժառանգորդությանը հրապարակային բնույթ հաղորդելու համար:

 

Անկեղծ ասած՝ ՀՀԿ-ում երբեք էլ չեն թաքցրել, որ 2017-2018թթ. պատրաստվում են քաղաքական վերարտադրության, ու զարմանալի կլիներ անգամ, եթե որևէ կուսակցություն հայտարարեր, որ ինքնակամ թողում է իշխանությունը կամ դրան չի ձգտում: Այլ խնդիր է, որ կուսակցությունների քաղաքական հավակնությունները պետք է իրացվեն միանգամայն լեգալ ճանապարհներով, ինչը Հայաստանում այնքան էլ չի կարևորվում: Դրա հետևանքով՝ քաղաքական հավակնությունը մեզանում նույնանում է զոռբայության հետ, իսկ հասարակությունն ընտրությունից ընտրություն ավելի է օտարվում իշխանություններից ու քաղաքական համակարգից:


Ինչևէ, ՀՀԿ-ն պատրաստվում է հերթական վերարտադրությանն ու դրա համար՝ ունի մի քանի սցենար:


Նախագահի պաշտոնը երկու անգամից ավելի զբաղեցնելու սահմանադրական արգելքը հաստատ չի հանվի: Դրան չգնաց նույնիսկ մեծ հավակնություններ ունեցող ու կառավարման կոշտ մեթոդներին հակված Ռոբերտ Քոչարյանըորովհետև միջազգային հանրությունը դա միանգամից որակելու է անձի իշխանության հավերժացման փորձ, Հայաստանը նույնացվելու է Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ, իսկ մեր երկիրը պարզապես չունի այդպիսի քաղաքական ու բարոյական ռեսուրսներ՝ նման ճնշման դիմակայելու համար:

 

Սերժ Սարգսյանի համար՝ ամենացանկալի տարբերակը սահմանադրական փոփոխություններն են ու անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, որի պարագայում նա կարողանում է լուծել ոչ միայն ամբողջ իշխանության, այլ նաև հենց իր վերարտադրության խնդիրը: Որովհետև, եթե Սահմանադրությունը նախատեսի կառավարման խորհրդարանական մոդել, ապա Սերժ Սարգսյանը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, այսինքն՝ երկրի առաջին դեմքի, կամ ԱԺ նախագահի պաշտոնը՝ պահպանելով կառավարող կուսակցության առաջնորդի պաշտոնը: Եթե անգամ Սարգսյանը չզբաղեցնի որևէ պետական պաշտոն, իր քաղաքական կշիռն էապես կպահպանի ու որոշումների կայացման գործընթացում մեծ դերակատարություն կունենա՝ ՀՀԿ նախագահի աթոռը պահելով:

 

Սակայն սահմանադրական փոփոխություններն իրենց մեջ նաև ռիսկայնություն են պարունակում, ըստ այդմ՝ այս սցենարը մնում է իշխանության օրակարգում, բայց երաշխավորված չէ դրա հաստատ իրագործումը:

 

Եվ վերջապես՝ առկա է իշխանության վերարտադրության ավանդական մեթոդը, երբ սահմանադրությունը չի փոխվում, և իշխանությունն՝ իր միջից կամ հարակից շրջանակներից, գտնում է մարդու ու նրա նախագահական հավակնությունների միջոցով՝ լուծում է իր խնդիրը:
Մինչև վերջերս համարվում էր, որ Սերժ Սարգսյանի «ժառանգորդը» լինելու համար հիմնական պայքարը գնալու է նախկին ու ներկա վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի միջև: Նրանք այսօր էլ «խաղից դուրս» չեն, սակայն ակնհայտ է, որ երկուսն էլ չունեն ներհամակարգային մեծ կոնսոլիդացիա առաջացնելու պոտենիցալ:

 

Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կամ արտահամակարգային այլ գործչի գործոնն անտեսել չի կարելի, սակայն նրանց նախագահական հավակնությունների քաղաքական լեգիտիմացման համար ժամանակ է պետք, որն իշխանությունը, կարծես թե, չունի:
Այս պարագայում իրոք աճում են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի շանսերըորովհետև նա թիմային խաղացող է ու ղեկավարում է մի գերատեսչություն, որն ամենակայացածն է պետական համակարգում ու ամենասիրվածը հասարակության կողմից: Ըստ այդմ, սա իշխանության լեգիտիմ վերարտադրության ամենալավ տարբերակն է:



Սուրեն Սուրենյանց