Հայաստանում արմատական ընդդիմություն լինելու ու այդ ճանապարհով իշխանություն փոխելու հնարավորությունը շատ քիչ է. Փորձը ցույց է տվել, որ հնարավոր չէ: Եթե նույնիսկ քիչ թե շատ հանրային վստահություն վայելող ուժը գա ու ասի՝ արմատական ընդդիմություն ենք, ամենայն հավանականությամբ, կարժանանա այն նույն ճակատագրին, որին արժանացել են բոլոր նախորդ ընդդիմադիր շարժումներն ու առաջնորդները:
Այո՛, այսօր Հայաստանում ընդդիմություն չկա. չկա, քանի որ քաղաքական դաշտ չկա: Գոյություն ունեցող քաղաքական միավորները ավելի շատ պահի տակ ընդդիմանում են գործող իշխանություններին, առաջին դեմքերին: Գաղափարախոսություն, որով առաջնորդվում են, նման բան՝ չունեն, իսկ եթե դա չունեն, կախված իրավիճակից՝ իրենք մեկ աջ կարող են թեքվել, մեկ՝ ձախ, համաձայնությունների գնալ: Ընդդիմադիր դաշտ ասվածի մեջ իշխանություններն ավելի շատ բաժնեմաս ունեն, քան՝ ժողովուրդը: Հասարակությունը մեծ սպասելիք չունի, քանի որ կորցրել է հավատն իշխանական ցանկացած գործողության նկատմամբ: Տարիներ շարունակ կեղծված ընտրությունները, սեփական գրպանները հարստացնելը, միայն իրենց մասին մտածելն ու ոչինչ չանելը վերջնականապես հասցրին հասարակության հուսալքմանը եւ հավատի կորստին:
Ցավն այն է, որ մարդիկ դադարել են իրենք իրենց էլ հավատալ եւ դա գալիս է անզորությունից: Չի գործում օրենք, եւ չկա պաշտպանվելու ոչ մի օղակ: Եթե ընդդիմադիր դաշտում բոլորը գոռում են ՀՀԿ-ի անօրինականություններին, մոնոպոլիային ու կոռուպցիային վերջ տալու մասին, բայց իրենց՝ առավել կարեւոր երեւալու պատճառով չեն հավաքվում իրար գլուխ, որ ուժ ներկայացնեն եւ վերջնականապես ձերբազատվեն ՀՀԿ կոչված չարորակ ուռուցքից, ապա կարելի է փաստել, որ մեր ընդդիմությունն այդ չարորակ ուռուցքի մետաստազն է: Իրականում՝ մենք գործ ունենք ուժի հետ, որը ֆորմալ առումով գործում է քաղաքական դաշտում՝ գործելով քաղաքականության դեմ, որն իրեն հռչակել է իշխանությանն այլընտրանք՝ առանց իշխանության հայտ ձևակերպելու, որը հռչակվել է ընդդիմություն՝ առանց իշխանությանը հակադրվելու:
Հայաստանում կա իշխանություններից դժգոհ զանգված, որը շատ մեծ տոկոս է կազմում, բայց չկա լիդեր՝ մարդ, որին կվստահի այս դժգոհ մասսան և կգնա նրա հետևից։ Կան մի քանի անհատներ, ովքեր փորձում են միավորել այս փոքր խմբերը, բայց այս խմբերի մեջ էլ կան մարդիկ, ովքեր արդեն հասցրել են այս և այլ կերպ իշխանությունների հետ համագործակցել, և դրանով արդեն պակասել է նրանց վստահության աստիճանը ժողովրդի մոտ; Այս պարագայում՝ ինչպե՞ս է կարողանում վերարտադրվել նման անորակ իշխանությունը: Կասկած անգամ չկա, որ Հայաստանի իշխանություններն ու նրանց կազմակերպած ընտրություններն անորակ են, որևէ առնչություն չունեն ժողովրդավարության հետ, սակայն դրանք լեգիտիմ են մեր հասարակության ու միջազգային հանրության համար: Ոչ այն պատճառով, որ չեն ուղեկցվում ընտրակաշառքով ու ճնշումներով, այլ պարզապես այն բանի հետևանքով, որ ՀՀԿ-ին այլընտրանք չկա: Դա շատ լավ հասկանում է 10 հազար դրամ վերցնող քաղաքացին: Նույնը վերաբերում է միջազգային հանրությանը, որը հայաստանյան խաղացողների ներկապնակում այդպես էլ չի կարողանում գտնել հուսալի ու վստահելի գործընկեր' չարյաց փոքրագույնի սկզբունքով ապավինելով ՀՀԿ-ի պարտնյորությանը, այլընտրանքի բացակայության հիմքով հաշտվելով հայաստանյան հանրապետական իրականության՝ նույնիսկ՝ «ՍԱՍ»-ի դեպքերի հետ: Այս ամենը շարունակվելու է ի ցավս բոլորի, քանի որ մեր ընդդիմադիր դաշտն ունի հզոր ռեֆորմիաստական ռեսուրս, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չունի այլընտրանք դառնալու պոտենցիալ: Իշխող կուսակցության հաջողության բանաձեւն իր իսկ երկրում հոգեւոր աղքատության տարածման մեջ է: Ժողովրդին սովորեցրել են, որ ուղեղը մտածելու համար չէ, այլ փորն է եւ այս սկզբունքով սրիկայաբար հաղթանակ են տանում: Իսկ հաջողություն համարել անբարո հաղթանակը' այնքան էլ ճիշտ չէ: Իրենք չեն հաղթում: Հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ դրա մեջ կա բարոյականություն եւ արժանապատվություն:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ