Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայլովային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Conatct.az լրատվականը:
Իր հայտարարության մեջ Յագլանդը մտահոգություն է հայտնել լրագրողին երկու ամսով կալանավորելու դատարանի որոշման առնչությամբ: «Ձերբակալության կարիք չկար: Սա Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը և միջազգային հանրությանն ուղղված վատ ուղերձ էր: Սա ցույց է տալիս, թե ինչ ծանր պայմաններում են գտնվում երկրի անկախ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունը: Այն հակառակ է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին»,- նշել է Յագլանդը: Նա կոչ է արել անմիջապես ազատ արձակել Իսմայիլովային:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան դեկտեմբերի 5-ին կալանավորվել է երկու ամսով: Ադրբեջանական արդարադատությունը նրան մեղադրում է զրպարտության մեջ:
Ադրբեջանի իշխանությունները սկսել են հետապնդել լրագրողին այն բանից հետո, ինչ վերջինս հետաքննական հոդվածներ հրապարակեց Իլհամ Ալիևի ընտանիքի ահռելի ունեցվածքի վերաբերյալ: