Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը Ադրբեջանին քննադատել է մարդու իրավունքների գծով Եվրոպական համաձայնության պահանջները խախտելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԵԽ պաշտոնական կայքը, իր գործունեության մասին հունվարի 26-ին ԵԽ խորհրդարանական վեհաժողով ուղարկած ամենամյա զեկույցում, Յագլանդը մի շարք երկրներին զուգահեռ խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին' ուշադրությունը կենտրոնացնելով այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա:

 

Նրա խոսքով' «Եվրոպական կոնվենցիան ներկայում հայտնվել է սպառնալիքի տակ…Երբ որոշ պետություններ արհամարհում են իրենց պարտավորությունները, կամ փորձում ընտրել, թե որ կանոններին պետք է հետեւել, որոնց' ոչ, դա Կոնվենցիայի հյուսվածքից միացնող տարրեր է դուրս քաշում: Եւ երբ այն սկսի «քանդվել», այդ գործընթացը դժվար կլինի կանգնեցնել», -ասել է Յագլանդը:

 

Մանրամասնելով Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը՝ ԵԽ գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին հակառակ, ակտվիստ Իլգար Մամեդովի կալանքի տակ գտնվելը:

 

«Նա Եվրոպայում միակ մարդն է, որը մինչ այժմ գտնվում է բանտում՝ չնայած այն բանին, որ աշխարհամասում բարձրագույն իրավական ուժ Ստրասբուրգի դատարանը, հենվելով հազվադեպ կիրառվող 18-րդ հոդվածին, եզրահանգել է, որ Ադրբեջանի դատարաններն ու դատախազությունը չարաշահում են իրենց իշխանությունը նրա դեմ գործը քննելու ժամանակ: Այլ խոսքով' նրա դեմ օգտագործվել են քաղաքականապես պատճառաբանված ապացույցներ», -նշել է նա:

 

Յագլանդի խոսքով' Կոնվենցիայի 52-րդ հոդվածի համաձայն' գլխավոր քարտուղար իր դառնալուց հետո առաջին անգամ որոշում է ընդունել հատուկ առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ հասնելու Իլգար Մամեդովի ազատ արձակմանը: