Ավելի արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու միտումով՝ կառավարությունը սկսել է արմատական փոփոխությունների ենթարկել կառավարության կառուցվածքը:

 

Օրերս ԱԻՆ-ին միացավ ՏԿ նախարարությունը, կառավարության կազմը համալրվեց նոր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով:

 

«Հայկական ժամանակ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները ևս մեկ փոփոխության մասին են տեղեկացրել:

 

Ըստ տեղեկության՝ մինչև գարուն նախատեսվում է միավորել Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունները, իսկ ղեկավար է նշանակվելու գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը:

 

Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում բնապահպանության նախարարության մամուլի պատասխանատու Թեհմինա Արզումանյանն ասաց, որ իրենք բնականոն կերպով շարունակում են աշխատել, և պաշտոնական տեղեկատվություն այդ մասին չկա: «Դա կառավարության որոշելիքն է, մենք խնդիր չունենք»,- ասաց Արզումանյանը:

 

Գյուղատնտեսության նախարարության մամուլի պատասխանատու Անի Սմբատյանն իր սուրբ պարտքը համարեց մեզ ուղղություն ցույց տալ: Ասաց, որ իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում և խորհուրդ տվեց դիմել կառավարություն:

 

Մեզ, սակայն, այսօր չհաջողվեց ինֆորմացիան ճշտել կառավարությունից: