Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նիստը համանախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը:

 

ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստում քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական և ոլորտային երկկողմ համագործակցության ապագա իրավական ձևաչափի ձևավորմանն ու առևտրատնտնտեսական հարաբերությունների ապագային, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությանն ու համապատասխան ծրագրերին առնչվող հարցեր:

 

Որոշվել է շարունակել քննարկումները և առաջիկա ամիսների ընթացքում տեսակոնֆերանսների և բանակցությունների միջոցով հստակեցնել այն ուղղություններն ու համագործակցութան ապագա իրավական ձևաչափում ներառման ենթակա գլուխները, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար և կստեղծեն նախադրյալներ հարաբերությունների հետագա կարգավորման և զարգացման համար:

 

Օրակարգում ներառված են եղել նաև օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր և այլն:

 

Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև վիզայի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի, վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, ՀՀ-ում իրականացվող տրանսպորտային ծրագրերի և այդ ծրագրերին ԵՄ հետագա աջակցության, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացի, ՀՀ արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների և, համապատասխանաբար, մի շարք օրենքներում և իրավական ակտերում իրականացվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ հարցեր:

 

Անդրադարձ է կատարվել նաև Մեծամորի ատոմակայանի վերազինման և արդիականացման, ԵՄ աջակցությամբ իրականացվող Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության մշակման և դրա հետագա իրականացման հարցերին:

 

1996 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և Համագործակցության մասին Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 1-ից: Համաձայնագրի 80-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտե, որի նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, ռոտացիոն կարգով' Երևանում և Բրյուսելում: