ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հուլիսի 22-ին մասնակցել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա են եղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպմանը հանդես գալով ելույթով' արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռքբերված արդյունքների և առաջընթացի վրա:
«Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը և Եվրոպական միությունը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Արևելյան գործընկերության ձևաչափում շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով մեր հարաբերությունների իրավական հենքի թարմացման կարևորությունը։ Հայաստանը ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել' ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը և, մյուս կողմից, հաշ վի կառնի նոր իրողությունները»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ԵՄ շարունակական օժանդակությունն ու աջակցությունը նշանակալի դեր ունեն Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:
Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ' քաղաքական երկխոսությունից մինչև արդարադատություն և շարժունակություն, միգրացիայի հարցերից ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ներուժի աճ, և հավելել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Նախարարը նշել է, որ մեր հասարակությունների միջև շարժունակության ընդլայնումն ընդհանուր նպատակ է, և Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժ իմի վերացման մասին երկխոսությունը' հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է 2014թ. մարտին ուժի մեջ մտած Միության ծրագրերում Հայաստանի մասնակցության համար հիմնական սկզբունքների մասին գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը թույլ կտա մասնակցել ԵՄ տարբեր ծրագրերին և ընդլայնել երկկողմ ոլորտային համագործակցությունը:
Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին' նախարար Նալբա նդյանը շեշտել է, որ Թուրքիան, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ սահմանը, խոչընդոտում է մեր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և ԵՄ հետ Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիների շահագործմանը:
Պարադոքսալ է, որ Թուրքիան, որպես մի երկիր, որը ցանկություն է հայտնում միանալ Եվրամիությանը, փակել է իր սահմանը հարևան պետության հետ այն դեպքում, երբ ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը հիմնարար սկզբունք է:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Հերբերտ Սալբերի նշանակումը' որպես Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին' ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից հնչեցված բազմաթիվ կոչերի' Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, շարունակաբար վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հանդեպ, և ափսոսանք է հայտնել Ադրբեջանում քաղաքական կամք ի բացակայության առթիվ, որը դրսևորվում է միջնորդների բոլոր առաջարկների շարունակական մերժմամբ:
«Մենք լիովին համամիտ ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Ցավոք, Ադրբեջանը լիովին հակառակն է անում' իր ռազմատենչ և սադրիչ հռետորաբանությամբ, անհանդուրժողականության և ատելության քարոզով, որը Արցախի հետ շփման գծին և Հայաստանի հետ սահմանին հանգեցնում է տարածաշրջանում լարվածության և իրավիճակի սրման:
Մենք նաև բարձր ենք գնահատում ԵՄ կողմից տարբեր առիթներով Մինսկի խմբի համանախագահների ջանքերին արտահայտած ոչ երկիմաստ աջակցությունը, որոնք ուղղված են հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- հավելել է Էդվարդ Նալբանդյանը: