Կանայք, որպես քաղաքացիական հասարակության մի մաս, ամենաշատն են ենթարկվում բռնության եւ խտրականության: Թեպետ մեր հասարակությունը մայրապաշտ է, սակայն վիճակագրական տվյալներն այլ պատկեր են ներկայացնում: Այս տարվա վեց ամսվա ընթացքում կանանց դեմ բռնության 1500 դեպք է գրանցվել: Դրանցից 300-ը ընտանեկան բռնության, 50-ը անչափահասի հանդեպ բռնության դեպքեր են: Տասնմեկ կին էլ ընտանեկան բռնության արդյունքում է մահացել: Տվյալն երը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի' կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանինն են: «Հայաստանում ամենացավալի երեւույթներից մեկն էլ ընտանեկան բռնությունն է:

 

Հայաստանը լիարժեք կերպով չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորություններն այս հարցում, քանի որ գոյություն չունի այդ պարտավորությունների վերաբերյալ օրենք եւ օրենքի իրականացման մեխանիզմ: Հայ ընտանիքներում կանայք բռնության են ենթարկվում եւ այն դարձել է ոչ միայն գործողություն, այլեւ մտածելակերպ եւ արժեհամակարգ»,- դեկտեմբերի 10-ի ն Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված քննարկմանն ասաց նա' հավելելով, որ շատ հաճախ կանայք չեն դիմում իրավապահ մարմիններին, քանի որ ամաչում են կամ վախենում: «Այս առումով բռնության մեջ մեծացած երեխաներն էլ դառնում են զոհեր: Նրանք կամ շարունակում են հոր կերպարը եւ բռնություն գործադրում կամ էլ ապրում են հոգեբանական լուրջ խնդիրներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Աննա Սաֆարյանը:

 

«Դադարեցնենք բռնությունը կանանց նկատմամբ». սա այս տարվա կարգախոսն է, որով Եվրամիությունն ու միջազգային այլ կազմակերպություններ անցկացնում են միջոցառումներ, երթեր, ակցիաներ, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու գենդերային խտրականության բացառմանը:

 

«ՀՀ-ն եւ ԵՄ-ն ընդունել են ընդհանուր համաձայնագիր, որի կողմերը համաձայնել են պաշտպանել: Այդ նպատակով ԵՄ-ն 12 միլիոն եվրո է տրամադրելու մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ: Սա աննախադեպ ծրագիր է եւ միտված է մարդու իրավունքների պաշտպանությանն ու գենդերային իրավահավասարությանը: Սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը նույնպես լուրջ խնդիր է եւ թեժ մտահոգությունների կիզակետում է: Այս առումով մենք նույնպես ծրագրեր ենք մշակում Հայաստանի կառավարության հետ»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշ տոնակատար Դիրկ Լորենցը:

 

Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկն էլ շեշտում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի կարեւորագույն սկզբունքներից մեկն է: «Կանանց իրավունքներն ու գենդերային հավասարությունը Եվրոպահի խորհրդում դիտարկվում է մարդու իրավունքների անբաժանելի մաս, գենդերային իրավունքը հիմնաքարային սկզբունք է: Կանանց եւ ընտանեկան բռնության դեմ պայքարը մեր մտահոգությունների կիզակետում է: Բացառել խտրականությունը, բռնանարարներին պատժել եւ խթանել հավասարություն կանանց եւ տղամարդկանց միջեւ»,- ասաց Պավլյուսը' հավելելով, որ Հայաստանում կանանց բռնության դեմ պայքարը առաջնահերթ լուծման հարց է եւ ԵԽ մարդու իրավունքների հարցով հանձնակատարները Հայաստանում արձանագրել են, որ իրավապահ մարմինները անարձագանք են թողնում կանանց դեմ բռնության խնդիրները: Պավլյուկի գնահատմամբ' երկրի քաղաքական առաջնորդները պետք է կամք ցուցաբերեն եւ գենդերային բռնության դեմ առանձին օրենք ընդունեն:

 

«Կանայք ակտիվ եւ վերափոխող դերակատարություն ունեն հասարակության մեջ: ՄԱԿ-ն այս գաղափարախոսության պաշտպանն է: Պետք է օգնել կանանց հզորանալ, տարածել նրանց աշխատանքը եւ փոխել մտածելակերպը, թե տնտեսական եւ քաղաքական ուժը միայն տղամարդկանց ձեռքում է: Կանայք գնահատված չեն Հայաստանում եւ դա պետք է փոխել»,- ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արենսը: