Դեկտեմբերի 13-ին մեկնարկում է «Salvador FEST» մտքի փառատոնը: Ծրագիրը մարքեթինգի ոլորտի ուսանողների նորարարական մտքերի և հետաքրքիր առաջարկների արտահայտման համար ստեղծում է լայն հնարավորություններ: «Salvador FEST»-ն ամենամյա մտքի փառատոն է, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ:
«Salvador FEST»-ին կարող են մասնակցել «Մարքեթինգի հայկական ակումբի» ուսանողները և մարքեթինգի ու հարակից մասնագիտությունների երիտասարդները:
Մասնակիցները պետք է ներկայացնեին նոր ծրագիր, որը կնպաստեր երիտասարդ մարքեթոլոգների մասնագիտական առաջընթացին, հնարավորություն կտար նրանց տեսանելի լինել գործատուների շրջանում: Հաղթողները կստանան արժեքավոր նվերներ, իսկ լավագույն ծրագիրը գարնանը կֆինանսավորվի Մարքեթինգի հայկական ակումբի կողմից:
Ծրագրի ժյուրին կազմված կլինի Մարքեթինգի հայկական ակումբի մասնագիտական թիմի անդամներից:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Մարքեթինգի հայկական ակումբի» թիմից տեղեկացրին, որ ծրագրեր քիչ չեն ստացել, իսկ վերջնական վերլուծություններ կանեն վաղը. «Բուն միջոցառման օրը կլսենք հեղինակներին, կփորձենք հասկանալ՝ ինչպես են պատկերացնում իրենց ծրագրերի կազմակերպման պրոցեսը պրակտիկայում»:
Հարցին, թե ի՞նչ ֆինանսական միջոցներով է փառատոնն անցկացվում, ասացին. ««Salvador Fest 2014»-ն իրականացվում է ակումբի միջոցներով, մեր կազմակերպության մասնագիտական թիմի անդամները հանգանակությամբ բյուջե են կազմել, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան մասնակցելու մտքի փառատոնին»:
Նշենք, որ փառատոնն անցկացվելու է փաբերից մեկում, թե ինչո՞ւ փաբում, այլ ոչ կոնֆերանս սրահում, «Մարքեթինգի հայկական ակումբի» թիմից մեզ ասացին. «Նորարարական մտքերն ակնկալում են ստեղծագործելու համար հարմար միջավայրի առկայություն: Ուսանողներն իրենք են ցանկացել, որ ծրագիրը տեղի ունենա փաբերից մեկում, մենք էլ ընդառաջել ենք: Կարծում ենք՝ պարտադիր չէ բոլոր միջոցառումներն իրականացնել կոնֆերանս սրահներում: Մենք փորձել ենք ստեղծել հնարավոր բոլոր պայմանները, որպեսզի ուսանողները մոտիվացվեն և արտահայտեն իրենց լավագույն որակները: Թե ինչ կլինի արդյունքը, ցույց կտա ժամանակը»: