Արդյունավետ ու ձեռքբերումներով լի 2016-2017` հայ հեղինակ-կատարողների` «Բարդերի» թվով 8-րդ համերգաշրջանը հասավ վերջին կայարանին:
Ուրբաթօրյա ակումբային համերգ- հավաքները, ուր երգող պոետները հանդիսատեսի հետ երկխոսություն ծավալելու միջոցով կիսվում են իրենց ապրումներով ու դրանց հանգավոր-բանաստեղծական վերարտադրությամբ, մինչև աշուն կգտնվեն արձակուրդում: Այդ ժամանակաշրջանը, սակայն, հայ բարդերը չեն անցկացնելու պարապուրդում, քանի որ առջևում հեղինակային երգի ամենամյա, բայց այս տարի արդեն միջազգային փառատոնն է` «Հուսո առագաստ 2017»-ը, ինչին կազմակերպիչները մոտենում են ամենայն պատասխանատվությամբ, քանի որ դրան մասնակցելու ցանկություն են հայտնել մոտ 23 օտարազգի ներկայացուցիչներ:
Իսկ մինչ այդ ակումբային 8-րդ համերգաշրջանի վերջին հանդիպումն էր, ուր ջերմ ու մտերմիկ մթնոլորտում իրենց` արդեն սիրված կատարումներով հանդես եկան Արմինե Հայրապետյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռուբեն Քամալյանը, Կարեն Մամիկոնյանը , Արմեն Ադամյանը, Գագիկ Շիբոյանը և Ռուսաստանից ժամանած հյուրը: Եվ ինչպես նշում են նրանք . «Մենք հրաժեշտ չենք տալիս մեր հանդիսատեսին, քանի որ առջևում բացօթյա համերգներն են ու գլխավոր հանդիպումը` Սևանի ափին, խարույկի շուրջ, ուր 3 օր շարունակ` փառատոնի շրջանակներում, կիսվելու ենք անկեղծությամբ ու անմիջականությամ… նաև հնարավորություն ենք ունենալու ունկնդրել նոր կատարումներ ու բացահայտելու նոր հեղինակ-կատարողների, ովքեր գալու են համալրելու մեր շարքերն ու պատվով կրելու հեղինակ-կատարողի անունը….»: