Հեղինակային երգի սիրահարների, սկսնակ հեղինակ-կատարողների և ընդհանրապես մշակութային կյանքի ակտիվ մասնակիցների համար «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը 5-րդ անգամ հայտարարել են «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի մեկնարկը։

 

Երգի՝ խոսքի ու երաժշտության հեղինակներին, և կիթառի նվագակցությամբ այն կատարողներին տրված է հերթական բացառիկ հնարավորություն՝ դառնալու փառատոնի մասնակից և բարդերի ընտանիքի լիիրավ անդամ։

Դրա համար ընդամենը պետք է մինչև հուլիսի 1-ը https://forms.gle/WTraBgibSUZXUonv7 հղումով լրացնել հայտադիմումը։ Նախընտրական փուլը հաղթահարածները կանցնեն լսումների փուլը , որտեղ փառատոնի ժյուրիի ընտրած լավագույն տասը հեղինակ-կատարողները կստանան «Հուսո առագաստ -2019» փառատոնի եզրափակչին մասնակցելու հնարավորություն:

 

Այն տեղի կունենա հուլիսի 19-ից 21-ը Սևանում, Շորժայի WishUp լողափում։ Մասնակիցների եռօրյա կեցությունը ,համերգաշարերին մասնակցությունը և վարպետաց դասերն ամբողջապես հոգում են փառատոնի կազմակերպիչները։ Հիշեցնենք՝ ՛՛Հուսո առագաստը՛՛ փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և այս ընթացքում հասցրել է չորս տասնյակից ավել սկսնակ ստեղծագործողների տրամադրել բեմահարթակ: Նրանք պարբերաբար մասնակցում են տարբեր համերգների և ,անգամ, հանդես գալիս մենահամերգներով:

 

-Հեղինակային երգի մեր «Հուսո առագաստ–2019» միջազգային 5-րդ փառատոնը փոքրիկ հոբելյան է, որը մենք նշելու ենք մեր փիրուզե գեղեցկուհի՝ Սևանի ափին,- մեզ հետ զրույցում ասաց սիրված հեղինակ- կատարող, փառատոնի ժյուրիի ղեկավար Էդուարդ Զորիկյանը: _ «Հուսո առագաստ»-ը այն փառատոնն է, որի շրջանակում ստեղծագործ հայ երիտասարդությունը բացահայտվելու և ներկայանալու հնարավորություն ունի՝ այն նույն բեմից, որտեղից ելույթ են ունենում Ռուբեն Հախվերդյանը, Արմինե Հայրապետյանը, Արմեն Ադամյանը, Սարգիս Շիբոյանը, Վախթանգ Հարությունյանը, Կարեն Մամիկոնյանը։

 

Իսկ դա հավատացեք, բավականին պատասխանատու գործ է։ Այս ամենը, իհարկե, պետք է պետական հովանավորչություն ունենար, քանզի այս ժանրում հանդես են գալիս մայրենի լեզվամտածողության, հայ երաժշտական բովանդակության և պարկեշտ բեմական մատուցման շրջանակում: Ինչևէ, հովանավորեն, թե ոչ՝ մենք մեր գործն անում ենք, քանզի հեղինակային երգի մեր փոքրիկ, բայց կուռ ընտանիքում շատ լավ գիտակցում են վերը թվարկած գործոնների անհրաժեշտությունը։

 

Շնորհավորում եմ հեղինակային երգն իրենց ուսերին կրող բոլոր ստեղծգործ անհատներին, ասպրեզում իրենց առաջին քայլերն անող երիտսարդությանը, նաև այն հատընտիր հանդիսատեսին, որ թե՛ տարվա ընթացքում, թե՛ փառատոնային օրերին, իրենց ընտնիքներով՝միշտ, հեղինակային երգի և մեր կողքին են: