Հայաստանի կոմպոզիտորների միության «Երգի Փառատոն 2015» մեգանախագծի շրջանակներում հուլիսի 31-ից կմեկնարկի «Հուսո Առագաստ 2015» համահայկական հեղինակային երգի փառատոնը:

 

Փառատոնի նպատակը երիտասարդ կատարողներին հնարավորությունը տալն է և այս շարժմանն ինտեգրելը: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց «Հուսո Առագաստ 2015» համահայկական հեղինակային երգի փառատոնի տնօրեն Վախթանգ Հարությունյանը:

 

- Վախթանգ, «Հուսո Առագաստ 2015» համահայկական փառատոնը, ինչպես գիտենք, իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության «Երգի Փառատոն 2015» մեգանախագծի շրջանակներում: Ի՞նչ մեգանախագիծ է դա, և որո՞նք են համագործակցության եզրերը:


- Մեգանախագիծը մեկնարկել է դեռևս միայն հեղինակային երգի փառատոնի տեսքով: Կոմպոզիտորիների միությունը պլանավորել է նաև և՛ ժողովրդական երգի, և՛ ռոք երգի փառատոն անցկացնել: Բայց առաջինը, ով ընդունել է այս մեգանախագծի շրջանակներում հեղինակային երգի փառատոն կազմակերպել, մենք ենք: 

 

- Ինչո՞ւ հենց հեղինակ-կատարողների համահայկական փառատոն, ո՞րն է միջոցառման հիմնական նպատակը:


- Նպատակը երիտասարդությանը հնարավորություն տալն է: Հեղինակային երգի սերունդներն ավելի բարձր տարիքի են, հիմա եկել է 20 տարեկան երիտասարդներին գտնել կարողանալու և նրանց ինչ-որ չափով այս շարժմանն ինտեգրելու ժամանակը:

 

- Եթե չեմ սխալվում՝ վերջին փառատոնը 2007 թվականին էր՝ «Ոսկե կիթառը», ինչո՞ւ այսքան տարի անց որոշեցիք փառատոն կազմակերպել: Արդյոք սերնդափոխության պա՞հն է հասունացել:


- «Ճգնաժամով էր պայմանավորված»,- այսպես են ժամանակին հիմնավորել Մշակույթի նախարարության պաշտոնյաները, իսկ դրանից հետո մենք սկսել ենք մեր համերգային շատ ակտիվ ժամանակաշրջանը և նրանց չենք էլ դիմել: Վերջին անգամ դիմել եմ անցյալ տարի և մերժում ստացել: Իսկ այս տարի առանց դիմելու մեկնարկել եմ նախագիծը:

 

- Վախթանգ, «համահայկական» ասելով, հիմնականում, ո՞ր երկրներից եք ակնկալում հեղինակ-կատարողների մասնակցություն:


- Գիտեք, հայտարարում ենք համայն աշխարհին. որ երկրից հայտեր լինեն, կընդունենք:

 

- Տարիքային, լեզվական, ոճային սահմանափակումներ կա՞ն:


- Տարիքային և լեզվական սահմանափակումներ չկան, ոճային միանշանակ կա: Կիթառն ու պոեզիան առկա պետք է լինեն, այսինքն՝ կատարողն առանց կիթառի չի կարող կատարել երգը, և եթե դա բանաստեղծական արժեք չի ներկայացնում` ներկայացնել չի կարող: Իսկ մնացած հարցերը գեղարվեստական խորհուրդն է կարգավորում: Գեղարվեստական խորհուրդը հինգ հոգուց է բաղկացած, նրանք աշխատելու են հայտերն ընդունելիս:

 

- Փառատոնը շարունակական բնույթ կրելու՞ է:


- Աստծուց առաջ չընկնենք, այս տարի փորձենք այդ մեկ ամսյակի ակտիվությունն ապահովել: Աստված հաջողի, ամեն ինչ նորմալ լինի, միգուցե և հաջորդ տարի կազմակերպենք: Ընդմիջումներ շատ ենք ունեցել, սպառվող ռեսուրսներ կան, նյութական աջակիցների քանակը, ցավոք սրտի, բացակայում է, և այդ ամենը ներքին ռեսուրսի հաշվին է լինում: Հուսով եմ՝ փառատոնը կդառնա ամենամյա: Իսկ հիմա կարող եմ խոսել միայն այս տարվա մասին:

 

- Վախթանգ, վերջում, որպես արդեն հայտնի ու կայացած հեղինակ-կատարող և նաև այս փառատոնի տնօրեն, ի՞նչ խորհուրդ կտաք այն ստեղծագործողներին, ովքեր գրում են, սակայն խուսափում են հանրությանը ներկայանալուց:


- Եթե ինչ-որ բան քեզ տրվել է գրես՝ ուրեմն դա արդեն քոնը չէ: Պետք է հնարավորինս քաջություն գտնեն իրենց ներսում դա ներկայացնելու համար:

 

Փառատոնն ընթանալու է երկու փուլով` առաջին փուլն անցկացվելու է հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը,իսկ երկրորդ և հիմնական փուլը կանցկացվի օգոստոսի 26-ից օգոստոսի 28-ը: