2016 թ.- ը ակտիվ ու բուռն էր Հայաստանի բարդ երգի ներկայացուցիչների, կամ ինչպես իրենք են նախընտրում ներկայանալ' երգող պոետների համար: Շարունակական համերգներին, ուրբաթօրյա ակումբային հանդիպումներին, հեղինակային երգի փառատոնին ավելացավ տարեվերջյան ամփոփիչ մաժորային ակորդը' հեղինակային երգի թվով 3-րդ հավաքածուն:
Գրքում ստեղծագործությունների հետ մեկտեղ ակորդներն են , ինքնուսույց, որ կիթառի հետ կապ ունեցող ցանկացած մարդ հեշտությամբ կսովորի նվագել:
Այն ներառում է բարդ ժանրի' 41 հայտնի ու անհայտ կատարողների շուրջ 130 ստեղծագործություններ և սկավառակի տեսքով ներդիր: Նախագծի հեղինակ ու պրոդյուսեր Վախթանգ Հարությունյանը վստահ է, որ այն լուրջ խթան կհանդիսանա երիտասարդ սերնդի մեջ այս ժանրն առավել սիրելի դարձնելու և նախընտրելի երգերն ինքնուսույցի միջոցով հեշտությամբ սովորել - յուրացնելու համար:
«Ներառված են 5 սերունդների ստեղծագործություններ ու նաև 2 տարվա փառատոնների մասնակիցների, այսինքն սկսնակների գործերը, որը քաջալերող քայլ կլինի նրանց համար: Շնորհակալություն ենք հայտնում ամիսներ շարունակ գրքի ստեղծման վրա աշխատող բոլորին՝ դիզայներ, խմբագիր, ու նաև աջակիցներին՝ պետական գերատեսչություններին ու հովանավորներին»,- ասաց Վախթանգ Հարությունյանը:
Երեկոն ընթացավ՝ ինչպես սովորաբար՝ կիսախավարի մեջ վառված մոմերի ուղեկցությամբ: Առաջինը կիթառին մոտեցավ բոլորի սիրելին' Ռ. Հախվերդյանը, ում երգերի ներքո բազմահազար մարդիկ են մեծացել ու վերստին մանկացել, տխրել ու ուրախացել, խորհել ու հուզվել, սիրահարվել ու սեր խոստովանել և դրանք փոխանցել իրենցից հետո եկող սերնդին:
Ապա, ինչպես միմյանց սիրում են դիմել բարդերը, զինակից ընկերներով հերթականությամբ փոխանցեցին կիթառը և հանդիսատեսի հետ կիսվեցին իրենց ու բոլորիս հուզող հարցերով ու խնդիրներով' կորցրած արժեքների և սիրո հուշերով…Իսկ ունկնդիրն ասես ամեն կատարողի հետ ըմբոստանում էր ու զայրանում, հուզվում ու հանդարտվում…