Այսօր` փետրվարի 18-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի 2021թ. հոբելյանական 3-րդ (10-րդ) և 4-րդ (11-րդ) համարների շնորհանդես-քննարկումը։ 



ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Ավետիք Հարությունյանը նշեց, որ ընտրել են փետրվարի 18-ը, քանի որ այն խորհրդանշական է.  

«Պատահական չենք ընտրել այս օրը, Արցախի ազգային ազատագրական շարժման, Արցախի Հանրապետության սահմանադրության, ինչպես նաև գիրք նվիրելու նախօրեին ենք շնորհանդես-քննարկումը կազմակերպել: «Գիտական Արցախ» պարբերականի 2021թ. 3-րդ (10-րդ) և 4-րդ (11-րդ) համարները հոբելյանական են և միտված են Արցախի և Հայաստանի անկախության 30-ամյակին: Մեր միջոցառման նպատակն է նաև ներկայացնելու աշխարհի տարբեր երկրների գիտնականների աշխատանքները: «Գիտական Արցախ»-ի 11 համարներում տպագրվել են 373 հեղինակների 343 հոդվածներ, որոնք ներկայացնում են աշխարհի տասնյակից ավելի երկրներ»,-նշեց Ավետիք Հարությունյանը՝ հավելելով՝ շատ ուրախ է, որ իրենց հոդվածները լույս են տեսնում ոչ միայն հայերենով, այլև ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Շնորհանդես-քննարկմանը ներկա էր գրեթե խմբագրական խորհրդի ողջ անձնակազմը, ինչպես նաև հոդվածագիրները, որոնք հանդիպման ավարտին ծավալուն քննարկում ունեցան, ինչպես նաև հանդես եկան նոր առաջարկներով: 
 
 
Քննարկման վերջում արդեն Ավետիք Հարությունյանը խմբագրական խորհրդի անձնակազմին շնորհակալագրեր  և «Գիտական Արցախ» պարբերականի 10-րդ և 11-րդ համարների գրքերը հանձնեց:
 
Հավելենք, որ «Գիտական Արցախ»-ը ստեղծվել է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով հնարավորություն տալ երիտասարդ հետազոտողներին ներկայացնել իրենց աշխատանքները։