Oգոստոսի 19-ին Ախթալայում տեղի կունենա համահայկական 10-րդ հոբելյանական «Խորովածի փառատոնը», որի ժամանակ Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանները ներկայացնող ավանդական թիմերը, ինչպես նաև զինծառայողների, գրողների և ֆիզիկոսների ներկայացրած մի շարք թիմեր իրենց ուտեստներով կմասնակցեն փառատոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ խոհարարական ավանդույթներիզարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահՍեդրակ Մամուլյանը:
«Փառատոնին լինելու է 30 տաղավար: Փառատոնը կազմված է երկու մասից՝ մրցութային և գեղարվեստական: Առաջին հատվածի մասնակիցները կներկայացնեն խորովածի տեսականիները, այնուհետև 10 անդամից բաղկացած ժյուրին կգնահատի երեք անվանակարգով՝ «Լավագույն տեսք», «Լավագույն համ» և «Լավագույն մտահաղացում»: Խաղարկվելու է նաև հոբելյանական արձանիկի տեսքով գլխավոր մրցանակ: Իսկ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները, համապատասխանաբար, կպարգևատրվեն ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Վերջինիս խոսքով՝ գեղարվեստական մասն ուղեկցվելու է ազգագրական, ռազմահայրենասիրական երգերով, մասնակցելու է նաև գուսան Հայկազունու խումբն իր հեղինակային երգերով:
Սեդրակ Մամուլյանի հավաստմամբ՝ խնդիրներ են եղել տեղանքի ընտրության վերաբերյալ: «Ախթալայի ընտրությամբ լուծվեց նաև տարածաշրջանների համաչափ զարգացման հարցը: Մենք ընտրել ենք Ախթալան, որովհետև գիտեինք, որ այդ փառատոնը սկզբնական շրջանում անցկացվում էր Բերդում գտնվող եկեղեցու տարածքում, իսկ եկեղեցու մասով որոշակի խնդիրներ կային Հայաստանի ու Վրաստանի միջև: Մենք ուզում էինք հարևան երկրի հետ համատեղ միջոցառում անցկացնել: Եվ ստացվեց, և համատեղ գործունեությունն արդյունք տվեց: Մենք հասել ենք մեր նպատակին, և հիմա այս փառատոնը սպասված միջոցառում է շատերի համար»,- նշեց նա:
Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ իրենց առջև դրված է եղել նաև այդ տարածաշրջանի հանրահռչակման հարցը, ինչին հասել են: «Սկզբնական շրջանում գրեթե ոչ ոք չէր լսել Ախթալայի մասին, իսկ հիմա վերջինիս անունը հայտնի է դարձել աշխարհին: Բացի այդ՝ փառատոնի արդյունքում խորովածի տեսականիների մասին երկու անգամ գիրք է տպագրվել»,-հավաստեց Սեդրակ Մամուլյանը:
Նա նշեց, որ խորովածն ինքն իրենով կերակուր չէ, այն մսի ջերմային մշակման եղանակ է: «Լավ կլինի, որ հայերս աշխարհին ներկայանանք այլ կերակրատեսակներով ևս, ինչպիսիք են մշոշը, փլոլը, մախոխը, պուտուկը, Անիի քաղցրավենիքը և այլն, որոնք յուրահատուկ են իրենց տեսակի մեջ»,-ընդգծեց նա:
Սեդրակ Մամուլյանի տեղակալ Ռուզաննա Նահապետյանի խոսքով՝ փառատոնն առանձնանում է նրանով, որ ներկայացվում են յուրահատուկ ձևով պատրաստված տարբեր ուտեստներ: «Ինձ ամենից շատ դուր է եկել խորոված հոնով ու բրնձով լցոնած ճուտը, խորոված տոլման, բանջարեղենի ու մրգերի խորովածը, հետաքրքիր էր նաև խորոված ձմերուկը, բայց սրանք հայկական խոհանոցում չկան»,-նշեց Ռուզաննա Նահապետյանը:
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը օգոստոսի նախավերջին շաբաթը հայտարարել է խորովածի օր, իսկ Ախթալան՝ խորովածի մայրաքաղաք: