Հոկտեմբերի 3-5-ը «ԵրևանԷքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա ԴիջիԹեք Էքսպո 10-րդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, իսկ գլխավոր հովանավորը՝ «Յուքոմ» ընկերությունը:

 

ԴիջիԹեք Էքսպո ցուցահանդես-փառատոնը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ու ներկայացուցչական միջոցառումն է, որ իրավամբ համարվում է տոն՝ տեխնոլոգիական հայության համար: Քանի որ ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ստեղծելը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, կազմակերպիչները ջանացել են ստեղծել ցուցադրությունների, գործարար հանդիպումների և ներկայացումների համար հարմարավետ և գործնական միջավայր:

 

«Յուրաքանչյուր հայ, ով իրեն համարում է տեխնոլոգիական մարդ, պետք է ներկա գտնվի այս տոնին, որ կոչվում է ԴիջիԹեք Էքսպո: Սա ևս մի առիթ է մեկտեղելու ոլորտի ընկերություններին, միաժամանակ լորջ հնարավորություն՝ նոր գործնական և անձնական կապերի հաստատման համար»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Տարիների ընթացքում ԴիջիԹեքը դարձել է ՏՀՏ նորարարությունների ներկայացման ամենակարևոր հարթակը, և «Յուքոմը» նույնպես այս տարի կներկայանա մի շարք նորարարական լուծումներով, որոնք, վստահ ենք, նոր շունչ կտան ՏՀՏ ողջ դաշտին»,- նշեց «Յուքոմ» ընկերության մարկետինգ բաժնի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

 

Աշխատանքներ են տարվում՝ ապահովելու հասարակության բոլոր շահառու խմբերի՝ ոլորտի պատասխանատուների, բիզնես համայնքի, ուսանողության ու երիտասարդության մասնակցությունը:

Ցուցահանդեսի բաժիններն են

 

Հաշվապահական, բանկային, ֆինանսական ծրագրային ապահովում և էլ. առևտուր

Չիպերի մշակում և թեստավորում

Համակարգչային գրաֆիկա, մուլտիմեդիա և խաղեր

Տվյալների բազաներ և կառավարման տեղեկատվական համակարգեր

Ինտերնետային ծառայությունների մատուցում

ՏՏ ծառայություններ, խորհրդատվություն և համակարգերի ինտեգրացիա

Ցանցային համակարգեր և հեռահաղորդակցություն

Համակարգերի նախագծում և ավտոմատիզացիա

Ռոբոտաշինություն

Համակարգերի ծրագրային ապահովում

Վեբ դիզայն և մշակում

Մոբայլ լուծումների մշակում

Համակարգչային տեխնիկայի ներմուծում, արտադրություն և արտահանում

Ցուցահանդեսում կներկայացվեն

ԱրմՌոբոտիքս - Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն

Ռոբոտաշինությունը առօրյայում - առօրյա խնդիրներ լուծող ռոբոտների փառատոն

«Բաց Խաղ» առաջնություն - «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն

ԴիջիԼայֆ - Սեմինարների շարք «տեխնոլոգիաների կիրառումն առօրյայում և բիզնեսում»

Այս տարի նախատեսվում է ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվը հասցնել 150-ի, որոնցից 120-ը պետք է լինեն ցուցադրողներ: Միաժամանակ ակնկալվում է մոտ 30.000 այցելու (նախորդ տարի այցելուների թիվը հասել է 25.000-ի):