Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի տասնյակ բնակիչներ փակել են Գյանջա-Գյոյգյոլ ավտոմայրուղին' դրանով բողոք հայտնելով իշխանություններին' իրենց ապօրինի կառուցված տները քանդելու դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lent.az լրատվական կայքը' հղում կատարելով Ադրբեջանի ՆԳ Ն մամուլի ծառայությանը:

 

Բողոքի ակցիա մասնակիցների հետ բանակցությունների է դուրս եկել Գյանջայի Նիզամիի շրջանի գործադիր ղեկավարն ու նրա տեղակալը: Սակայն, բողոքավորները հարձակվել են նրանց վրա եւ փորձել ծեծի ենթարկել: Միջադեպին միջամտել են դեպքի վայր եկած ոստիկանության աշխատակիցները: Բողոքի ակցիայի մասնակիցները ծեծի են ենթարկել ոստիկանության 5 աշխատակիցների եւ ջարդել երկու ոստիկանական մեքենայի ապակիները: Բոլոր տուժածները տարվել են Գյանջայի կենտրոնական հիվանդանոց: Փաստի առնչությամբ իշխանության ներկայացուցիչների դեմ բռնության կիրառման հոդվածով քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը որոնում է անկարգությունների հեղինակներին: