Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ պայմանավորվածությունը' դյուրացնել մուտքի արտանագրերի ռեժիմը, համարում է երկու ժողովուրդների միջև կապերի խորացմանն ուղղված քայլ: Այս մասին դեսպանը հայտնեց դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Շատ ուրախալի հայտարարություն է այն, ինչ ՀՀ կառավարության կողմից երեկ եղավ, որը եզրափակում է մեկ տարվա աշխատանքը: Մեկ տարի առաջ Վաշինգտոնում այս գործընթացը մեկնարկեց, ինչն ավելի ու ավելի սերտ հարաբերություններ կստեղծի երկու երկրների ժողովուրդների միջև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Հեֆերնը:
Նրա խոսքով' տրվել է վիզաների վավերականության առավելագույն թույլատրելի ժամկետը, որը համապատասխանում է և Հայաստանի, և ԱՄՆ-ի օրենսդրությանը: «Մենք ցանկանում էինք, որ լինի ավելի ազատական վիզաների շրջանակ փոխադարձության սկզբունքի հիման վրա, ինչին էլ ձեռնամուխ եղանք»,- նշեց դեսպանը:
Ջոն Հեֆերնը շեշտեց նաև այն փաստի կարևորությունը, որ ԱՄՆ քաղաքացիների համար Հայաստան մուտք գործելիս սահմանվում է առանց վիզային ռեժիմ:
2015 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը ՀՀ-ի հետ ձեռք բերված նոր փոխադարձ պամանավորվածությունների համաձայն: Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա' մինչև 10 տարի վավերականության ժամկետով:
Մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015 հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացույցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:
Այս համաձայնությունների արդյունքում կավելանան փոխադարձ այցելությունները, ներդրումները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսավարողների, այդ թվում' զբոսաշրջության համար:
Վիզաների վավերականության երկար ժամկետը կդյուրացնի ուսանողների, փոխանակման ծրագրերի մասնակիցների հայրենի երկիր այցելելու հնարավորությունը' տոների ու արձակուրդների ընթացքում:
Ազատականացված Վիզային ռեժիմի ներդրումն առաջ էր քաշվել անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում: Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի գործունեության արդյունքում ամենամյա կտրվածքով դիտարկվում են երկկողմ առևտրին ու ներդրումներին, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումների առաջընդացին առնչվող հարցեր: