ԱՄՆ ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարի չափը կփոփոխվի սեպտեմբերի 12-ից: Այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայաստանում ԱՄն դեսպանատնից, հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:
Փոփոխությունները կանդրադառնան արտոնագրերի ստացման մի քնաի տեսակների վրա, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
Մասնավորապես, ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի համար գանձվող միջնորդավճարները հետեւյալն են.
Պայմանագրային հիմունքներով ներդրողների եւ առեւտրով զբաղվողների համար նախատեսված (E) արտոնագրի միջնորդավճարը նախկին 270 դոլարի փոխարեն այժմ կազմում է 205 դոլար, հարսնացու-փեսացուների արտոնագրերի միջնորդավճարը' 265 դոլար, իսկ մինչեւ 15 տարեկան երեխաների սահմանահատման քարտերինը' 16 դոլար:
Փոփոխություններ են կատարվել ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարների չափի մեջ նույնպես: Ազգականի եւ ընտանիքի անմիջական դիմումների համար տրամադրվող միջնորդավճարը կկազմի 325 դոլար, աշխատանքային միջնորդագրերի վրա հիմնված դիմումների հիման վրա տրվողներինը' 345 դոլար, հատուկ ներգաղթային արտոնագրի դիմողներին վճարներինը' 205 դոլար, վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի սահմանման համար' 180 դոլար, 2 տարվա բնակության պահանջի վերացման դիմումի համար' 120 դոլար, իսկ աջակցության երաշխավոևագրի վերանայումը կարժենա 120 դոլար:
Միջնորդավճարների նոր չափ է սահմանվել նաեւ ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող և վարչական գործընթացի հետ կապված ծառայությունների համար.
ԱՄն քաղաքացիությունից պաշտոնական հրաժարման վարչական գործընթացի միջնորդավճարի նոր չափը կկազմի 2,350 դոլար, օգտագործված հյուպատոսական ժամանակի վճարը 135 դոլար:
Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների ներքին վճարները Վիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավչարը:
Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն: Եթե վճարումը կատարվել է մինչև 2014թ-ի սեպտեմբերի 12-ը, և այդ միջնորդավճարը նվազել է, ապա ԱՄՆ համապատասխան ծառայությունները չեն կարող իրականացնել փոխհատուցում:
Ոչ ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվեն նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում: