ԱՄՆ պետքարտուղարությունն անում է հնարավորության սահմաններում ամեն ինչ մուտքի արտոնագրերի համակարգի տեխնիկական խնդիրները կարգավորելու եւ բնականոն աշխատանքին վերադառնալու համար: Խնդիրը գլոբալ է և հատուկ չէ որևէ երկրի կամ մուտքի արտոնագրի տեսակի:

 

«Արվում է հնարավոր ամեն ինչ' գործընթացը ավարտին հասցնելու և անձնագրերը թողարկված մուտքի արտոնագրերով դիմորդներին վերադարձնելու համար: Ցավոք, ներկայումս չենք կարող կանխատեսել, թե որքան կարող է գործընթացը ձգվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

 

Կառույցից փոխանցեցին, որ այն դիմորդները, ովքեր հարցազրույց են անցել ԱՄՆ դեսպանատանը/ հյուպատոսարանում հուլիսի 20-ից հետո և ցանկանում են իրենց անձնագրերը ստանալ առանց տպված ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և գործի/բարկոդի համարը: Հետագայում նրանք կարող են վերադարձնել իրենց անձնագրերը և առանց հավելյալ վճարի մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել իրենց մուտքի արտոնագրերի հետ կապված գործընթացը:

 

«Այն դիմորդները, ովքեր Միացյալ Նահանգներ մեկնելու անհետաձգելի պատճառներ ունեն, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և արտակարգ իրավիճակի բնույթը»,- ասացին դեսպանատնից' հավելելով, որ միայն բացառիկ մարդասիրական բնույթ ունեցող արտակարգ իրավիճակները կարող են ուսումնասիրվել արտահերթ կերպով:

 

Դեսպանատան փոխանցմամբ, հյուպատոսական տվյալների բազան (ՀՏԲ) շարունակում է աշխատել սովորականից ավելի դանդաղ եւ համակարգի ֆունկցիոնալ խնդիրների ծագման առաջին օրվանից մինչ այսօր տրամադրվել է ավելի քան 220. 000 ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրեր ողջ աշխարհում:

 

«Ելնելով մուտքի արտոնագրերի տրամադրման ծավալների միջին տվյալներից՝ նշյալ ժամանակահատվածում պետք է տրամադրած լինեինք մոտավորապես 425 հազար ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրեր, սակայն մեզ հաջողվել է տպել մոտավորապես կեսը: Կպահանջվի մի քանի շաբաթ հաստատված մուտքի արտոնագրերի տրամադրման նորմալ շրջանառությունը վերականգնելու համար»,- նշել են ԱՄՆ պետքարտուղարությունում:

 

Թե ո՞րն է համակարգի խնդիրների առաջացման պատճառը դեսպանատնից նշեցին, որ հիմնվելով ոլորտի մասնագետների առաջարկների վրա՝ հուլսի 20-ին համակարգի աշխատանքի որակի բարելավման և նախկինում առաջացած կարճաժամկետ բնույթի խնդիրները շտկելու նպատակով թարմացվել է ծրագրային ապահովումը, որից հետո տվյալների բազայի աշխատանքի հետ կապված ֆունկցիոնալ խնդիրներ են առաջացել: Այս պահին բուն խնդիրը դեռ բացահայտված չէ: Այժմ բոլոր ջանքերն ուղղված են համակարգի կայուն աշխատանքը վերականգնելուն, որից հետո աշխատանքներ կտարվեն բուն խնդիրը բացահայտելու ուղղությամբ:

 

«Պետքարտուղարությունն աշխատում է Օրակլի և Մայքրոսոֆթի հետ համակարգի փոփոխության միջոցով ֆունկցիոնալ օպտիմալացում իրականացնելու և առաջացած խնդիրները շտկելու ուղղությամբ»,- ասացին դեսպանատնից' հավելելով, որ յուրաքանչյուր երկրի դեսպանատուն և հյուպատոսարան իր կայքէջում կտեղադրի կոնտակտային տվյալներ իրենց գործի կարգավիճակի վերաբերյալ հարցեր ունեցող դիմորդների համար: Դեսպանատնից փոխանցեցին, որ մասնագետներն աշխատում ենք հնարավորինս արագ նվազեցնել գործընթացի մեջ գտնվող դիմումների քանակը:

 

Արտոնագրերի տրամադրումը կարող է ուշանալ 10-14 օր՝ մինչև համակարգի ամբողջությամբ վերականգնումն ու կուտակված դիմումների ավարտին հասցնելը: Ինչ վերաբերում է ուսանողական վիզաներին, դեսպանատնից փոխանցեցին, որ հարկ եղած դեպքում ուսանողները պետք է կապվեն իրենց կրթական հաստատությունների նշանակված պաշտոնյայի (F և M կարգի վիզա) կամ ԱՄՆ կողմից հովանավորող պաշտոնյայի (J կարգի վիզա) հետ և քննարկեն նրանց հետ, ճշտելու թե I-20 (F և M վիզա) կամ DS-2019 (J վիզա) ձևերում նշված ամսաթվից հետո ժամանելու դեպքում ինչ տարբերակներ կառաջարկեն: