Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, Աշոտ Ստեփանյանին մեղավոր ճանաչեց՝ փաստաթղթեր կեղծելու ու իրացնելու համար, ըստ որի՝ նա 2012թ. նոյեմբեր ամսին համապատասխան վարձատրության դիմաց ստանձնել է ՀՀ քաղաքացիներ, հայր և որդի Կարապետ և Դավիթ Հովհաննիսյանների համար կազմակերպել Շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագրեր ձևակերպելու գործընթացը:

Գիտակցելով, որ ՀՀ-ում գործող համապատասխան դեսպանատներից մուտքի արտոնագիր ձեռք բերելու հնարավորություն չունի՝ Ա.Ստեփանյանը նպատակադրվել է արտոնագրերը ձեռք բերել Ուկրաինայում գտնվող Հայաստանի դեսպանատնից' անձնագրերում կեղծիքներ կատարելով ու կեղծված այդ անձնագրերը նույն քաղաքացիներին հետագայում իրացնելով:

Ի դեպ, ամբաստանյալը ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում Ա.Ստեփանյանն ընդունեց մեղադրանքը, հայտնեց, որ զղջում է կատարած հանցանքի համար և միջնորդեց դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Միջնորդությունը բավարարվեց:

Մեղադրող ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում և կիբերհանցագործությունների գործերով վարչության դատախազ Գրիգոր Տիգրանյանը միջնորդեց ամբաստանյալին ազատազրկման դատապարտել՝ 8 ամիս ժամկետով: Ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ իր պաշտպանյալի ընկերությունն իր բացակայության պայմաններում չի գործում, կրում է ֆինանսկան կորուստներ և գտնվում է սնանկացման եզրին, նրա խնամքին է գտնվում ծեր մայրը, ուստի խնդրեց մեղմ վերաբերվել:

Հեղինակ:
«Փաստինֆո»