Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է աշխատանքային այցով Երևան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը կարևորել է պարբերական քաղաքական երկխոսությունը Հայաստանի և Լատվիայի միջև, որը նպաստում է եր կկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը։

 

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Ռինկևիչն ասել է, որ Լատվիան հավելյալ քայլեր է գործադրելու բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ։

 

Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։

 

Բանակցությունների օրակարգում են եղել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությանը։

Երկուստեք նշվել է, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և կարևորվել է նոր համաձայնագրերով դրա համալրումը։

 

2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը:

Նախարարական հանդիպման օրակարգում են եղել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվել է գործարար համաժողովների կազմակերպումը։

 

Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի' ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս: