ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն։

 

«Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարող անձը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը՝ 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

 

Կատարվում է քննություն»,– գրել է Ա. Ահարոնյանը: