Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

 

Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են նաև  «Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանն ու «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանը: 

ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք:

Նշենք նաև, որ այս պահին Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատը հայատարարություն էր տարածել, որում նշել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել էր ու փոխարենը դրել իրենցը: «Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում»,- ասված էր Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում, որում նաև կոչ էր արվում քաղաքացիներին դուրս գալ ու բողոքել: