Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 34 քաղաքացի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Ոստիկանության hասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զարզանդ Գաբրիելյանը։
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 34 ակցիայի մասնակից Երևանում բերվել է ոստիկանության բաժիններ»,- ասաց նա։
ՀՀ օրենսգրքի 182 հոդվածը ենթադրում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմադիր ուժերի՝ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Սակայն, քանի որ վարչապետը հրաժարական չտվեց քաղաքացիները սկսեցին անհնազանդության ակցիաներ իրականացնել Հանրապետության ամբողջ տարածքում՝ ստիպելով նրան հրաժարական տալ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև որոշ գյուղեր՝ Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից: