Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել կապիտալ վերանորոգված պոլիկլինիկայի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, նույն օրը երկրի ղեկավարը Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած և արդի չափանիշներին համապատասխանող բժշկական հաստատությունները մեծապես կնպաստեն առողջապահության զարգացմանը ոչ միայն այդ շրջաններում, այլ նաև ողջ հանրապետությունում' հավելելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու շրջաններում բժշկական սպասարկման որակի բարձրացման հիմնախնդիրները:

 

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանն այդ ծրագրերի իրականացմանը սատարելու համար:

 

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: