«Առավոտ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Լոռու մարզում տեղական ինքնակառավարման գործընթացին երիտասարդ կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագիրը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ աստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ընտրվել են Լոռու մարզի Շիրակամուտ, Ամրակից և Կաթնառատ համայնքները, որտեղ էլ անցկացվում են հանդիպումներ, սեմինարներ, համայնքային ժողովներ, հանրային լսումներ։ Ծրագրի նպատակն է նշված գյուղական համայնքներում ակտիվացնել երիտասարդ կանանց, նրանց հաղորդել համապատասխան գիտելիքներ մասնակցային ժողովրդավարության, համայնքի գործունեության, ավագանու, գյուղապետի գործառույթների վերաբերյալ։
Ծրագրի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը նշել է, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում առկա է տեղական ինքնակառավարման գործընթացին երիտասարդ կանանց մասնակցության ցածր մակարդակ: Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն' հարցվածների միայն 14%-ն է ցանկանում ընդգրկվել տեղական նշանակության որևէ հարցի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում: 37%-ի կարծիքով' տեղական իշխանությունները (ոչ թե իրենք) պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն սոցիալական խնդիրների առնչությամբ:
Արմենուհի Կյուրեղյանի տեղեկացմամբ՝ Լոռու մարզի 113 համայնքների ղեկավարներից ընդամենը 4-ն են կին, ավագանու կազմում կանայք մոտ 15% են, որոնց թվում 20-35 տարեկանները' 12%: Գյուղական բնակչության 54,96% և բարձրագույն կրթությամբ անձանց 62,88% կազմող 20-35 տարեկան կանանց ցածր ներկայացվածությունը համայնքային նշանակության հարցերի շուրջ որոշումների կայացման մակարդակում վկայում է նրանց հնարավորությունների ու մտավոր ներուժի թերագնահատման մասին, ինչը դանդաղեցնում է երկրի զարգացման տեմպերը:
Ծրագրի ղեկավարը նշել է, որ հանդիպումների ընթացքում ստեղծվում են ակտիվ կանանց խմբեր, որոնք հետագայում ձնագնդի էֆեկտով կակտիվացնեն նաև մյուսներին։
«Լոռու մարզում տեղական ինքնակառավարման գործընթացին երիտասարդ կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպումթյան՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։