ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հռոմում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը անհեռանկարային են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է դեկտեմբերի 15-ին Facebook-ում ԱԳ նախարարության էջում զետեղված հաղորդագրության մեջ:

 

Երկկողմ հարաբերությունները քննարկելիս Լավրովն ընդգծել է, որ «դրանց զարգացումը հնարավոր է միայն իրավահավասարության եւ շահերի փոխադարձ հաշվառման հիման վրա»:

 

Քննարկելով ուկրաինական հակամարտության կարգավորման թեման՝ կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է շուտափույթ գումարել շփման խմբի նիստ, ինչը պետք է օգնի սեպտեմբերին Մինսկում կնքված համաձայնագրերի կատարմանը:

 

Լավրովը եւ Քերին նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային այլ խնդիրների շուրջ, ներառյալ պաղեստինա-իսրայելական հաշտության գործընթացին, սիրիական հակամարտության կարգավորմանը եւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակմանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: