Ընդհանուր ընտրություններում տարած վստահ հաղթանակից հետո, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 14-ին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է անփոփոխ թողնել իր կաբինետի կազմը՝ վերանշանակելով ներկայիս բոլոր նախարարներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության աղբյուրները:

 

Սահմանադրության համաձայն՝ Ճապոնիայի խորհրդարանի հանգուցային ստորին պալատի նորընտիր կազմը այս ամիս կհավաքվի արտահերթ նստաշրջանի՝ ընտրելու վարչապետին: Դիտորդները կասկածներ չունեն, որ վարչապետ կվերընտրվի Աբեն: Դրանից հետո, ինչպես սպասվում է, դեկտեմբերի 24-ին նա կհայտարարի իր կաբինետի նոր կազմի մասին:

 

Ընտրություններում Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը եւ կառավարող կոալիցիայի գծով նրա կրտսեր դաշնակիցը՝ Նոր Կոմեյտո կուսակցությունը, 325 տեղ են ստացել խորհրդարանի 475-տեղանոց ստորին պալատում, որը վճռորոշ դեր ունի վարչապետի ընտրություններում ու պետական բյուջեի հաստատման հարցում: Մանդատների ավելի քան երկու երրորդն ստանալը Աբեին հնարավորություն է տալիս վստահորեն իրականացնել տնտեսական բարեփոխումների իր քաղաքականությունը, որը ներառում է հարկերի բարձրացումը 2017 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: