Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը տապալվեց քվորում չլինելու պատճառով:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոչ իշխանական ուժերը կարողացել էին հավաքել արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը, սակայն նիստը չկայացավ, քանի որ հնարավոր չեղավ քվորում ապահովել նիստը սկսելու համար: Նիստի ընթացքում պետք է քննարկվեր ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումների դեպքերը:

 

Ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցեց ընդամենը 45 պատգամավոր: ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չմասնակցեց արտահերթին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ արտահերթ նիստ անցկացնելու համար հավաքվել է 44 ստորագրություն, սակայն ներկա է 43 պատգամավոր, իսկ 45 գրանցվածներից երկուսը' ինքը և ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն են, և իրենք ձևաթղթի տակ չեն ստորագրել:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորների գրանցումը կշարունակվի մինչև անհրաժեշտ քվորումի ապահովումը, սակայն ոչ ավելի, քան 3 ժամ: ԱԺ նախագահը 3 ժամ ընդմիջում հայտարարեց: