Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը Բեռլինի Հումբոլդի համալսարանում առաջին անգամ խոսել է իր «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի մասին։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ թուրքական Milliyet պարբերականի լրագրող Հասան Ջեմալը Բեռլինի Հումբոլդի համալսարանում Թուրքիայի հետ կապված մի միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել՝ նշելով, որ նախորդ տարվա հոկտեմբերին լույս տեսած իր գրքի վերաբերյալ դեռեւս ոչ մի հեռուստաընկերության կամ ռադիոյի հարցազրույց չի տվել։

Հասան Ջեմալը նշել է, որ բոլորը Հայկական հարցը կարող է տարբեր կերպ տեսնեն եւ տարբեր անուններ տան՝ շեշտելով Հրանտ Դինքի՝ «Կարեւոր են ոչ թե մերժումը եւ խոստովանություն, այլ ըմբռնումը» խոսքերը։ «Այս գրքում միաժամանակ ներկայացնում եմ հանրապետության ստեղծումը, թե ինչ է ազգային պետությունն ու ազգայնականությունը, մինչեւ օրս ձգվող Քրդական հարցը, Հայկական հարցը, զինվորականության հետ կապված խնդիրը»,-նշել է Հասան Ջեմալը։

Խոսելով Հրանտ Դինքի մասին, Հասան Ջեմալը շեշտել է, որ Հրանտը օրակարգային եւ պատմական անարդարության դեմ իր այրվող սիրտն է բացել։ «Նա միշտ անկեղծ էր։ Թե նրան, թե ինջ հուզող խնդիրը Թուրքիայի ժողովրդավարացման խնդիրն էր»-ամփոփել է թուրք լրագրողը՝ հիշեցնելով, որ իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին։

Նշենք, որ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Հասան Ջեմալը տարիներ առաջ այցելել է Երեւանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ներողություն խնդրել հայերից։