Սիդնեյի ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի' հատուկ գործողությունն ավարտվել է հաջողությամբ եւ քաղաքի կենտրոնում գործող սրճարանում պահվող բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Սրճարանի հարեւանությամբ այս պահին աշխատում են սակրավորները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ ահաբեկիչները սպանված են, սակայն ոստիկանությունն առայժմ չի հաստատում այդ լուրը:
Twitter-ի պաշտոնական բլոգում էլ CNN-ը հայտնել է, որ սրճարանի գրավման հետեւանքով երկու պատանդ է մահացել, սակայն տեղական իշխանություններն այդ լուրը նույնպես չեն հաստատում: Միաժամանակ, իրարամերժ տեղեկատվություն է տարածվում վիրավորների մասին: Ըստ տեղեկությունների' հարձակման հետեւանքով 5 մարդ է վիրավորվել, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Ըստ տեղական լրատվամիջոցների, հարձակման հետեւանքով ոստիկան է վիրավորվել:
Հանցագործներն ավելի քան 16 ժամ Սիդնեյի կենտրոնում գտվող սրճարանի այցելուներին եւ աշխատակիցներին պատանդ են պահել: Ըստ ABC News-ի' ոստիկանության գործողությունից հետո սրճարանում այս պահին բժիշկների խումբն է աշխատում: