Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պատահական հանցագործություն չի համարում Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Դավութօղլուն խոսել է թուրքական Haberturk Gazatesi-ի լրագրողի հետ զրույցում: «Հրանտ Դինքին ես ճանաչել եմ իմ ակադեմիական կյանքում, սիրել եմ' որպես մտավորական, իմ կողմից հարգված մարդ էր»,- նշել է վարչապետը' պատմելով, թե ինչպես են մի անգամ միասին կոնֆերանսի եղել:
«Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ նա սպանվեց: Երբ տեղեկացա այդ մասին, շատ տխրեցի: Պարոն Աբդուլլահ Գյուլն այն ժամանակ արտգործնախարար էր, նրան զանգահարեցի: Ես Ստամբուլում էի, նա' Անկարայում: Ասացի նրան. «Ողջ սփյուռքին կանչենք Ստամբուլ' թաղման արարողությանը: Թող մեր դեսպանները զանգեն և պաշտոնապես հրավիրեն նրանց»: Կանչեցինք, և բոլորը եկան: Դա մի հեղաշրջում էր»,- պատմել է Դավութօղլուն: Նա չի հերքել Դինքի ընտանիքի հետ հանդիպելու հնարավորությունը' ասելով, որ կարող է պատահել:
Վարչապետը խոսել է նաև իր գլխավոր խորհրդականի' Էթյեն Մահչուփյանի նշանակման մասին: «Ես Էթյեն Մահչուփյանին իմ գլխավոր խորհրդականը դարձրեցի ոչ թե նրա հայկական ինքնության, այլ նրան վստահելու համար: Սա երկրի հանրապետական պատմության ընթացքում ամենաբարձր պաշտոնն է, որ զբաղեցրել է մեր հայ քաղաքացին»,- ասել է վարչապետը' հավելելով, որ իր նման որոշումը պայմանավորված է Մահչուփյանի ինտելեկտուալ կարողությամբ:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:
2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջալալեդդին Ջեռռահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: