Ծագումով սասունցի մահմեդականացված 84-ամյա հայը հարազատների խնդրանքով հուղարկավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանոցում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական HaberTurk լրատվական կայքը, Բաթմանի Օրենգիլ գյուղում ծնված Ֆերման Գեզին 60 տարի առաջ մահմեդականություն է ընդունել: Նա ամուսնացել էր իր նման մահեդականացած ծագումով հայ Ֆերզիե Գեզիի հետ:

 

Նրանք 11 երեխա են ունեցել: Ժամանակ հետո Ֆերզիեն վերադարձել է իր հայ առաքելական քրիստոնեական արմատներին: Քրիստոնեություն են ընդունել նաեւ նրա երեխաներից չորսը:Ընտանիքի հոր մահից հետո մահմեդական երեխաները ցանկացել են նրան հուղարկավորել իսլամի կանոնակարգով:

 

Սակայն, կինն ու չորս քրիստոնյա երեխաները պնդել են հակառակը: Միեւնույն ընտանիքի մահմեդական եւ քրիստոնյա երեխաների վեճը լուծել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Նա ասել է, որ պետք է կատարվի հանգուցյալի կնոջ ցանկությունը:»Ֆերման Գեզը 60 տարի առաջ մա հեդականություն է ընդունել շրջապատի ճնշման տակ:

 

Չնայած նրա ինքնության վկայականում նշված է, որ նա մահմեդական է, սակայն, ծագումով հայ լինելու եւ կնոջ ու երեխաների խնդրանքով նա պետք է հուղարկավորվի հայկական գերեզմանոցում», -ասել է պատրիարքի փոխանորդը: Հարկադրաբար մահմեդականացած հայի հոգեհանգիստը Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում անցկացվելուց հետո նրա մարմինը հողին է հանձնվել հայկական գերեզմանոցում: