Բուկինհեմյան պալատի ներկայացուցիչները հերքել են գահից Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու մոտալուտ հրաժարման վերաբերյալ լուրերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են երկրի զանգվածային լրատվամիջոցները:
Այդ լուրերի համար պատճառ են դարձել Coral բուքմեյքերական ընկերության գործողությունները: Վերջինս դադարեցրել է խաղագումարներ վերցնել այն բանի կապակցությամբ, որ 88-ամյա թագուհին դեկտեմբերի 25-ին՝ ազգին հղվող ավանդական Սուրբծննդյան ուղերձի ժամանակ կհայտարարի գահից հրաժարվելու մասին: Սովորաբար բուքմեյքերական գրասենյակները դադարեցնում են խաղագումարներ վերցնել, երբ կասկածում են, որ դրանք կատարում են այն մարդիկ, ովքեր վաղօրոք լավատեղյակ են առաջիկա իրադարձությանը, որի հավանականության շուրջ նրանք ցանկանում են գրազ բռնել:
Թագավորական պալատի ներկայացուցիչները պարզաբանել են, որ թագուհու Սուրբծննդյան ճառը տեսագրվում է նախօրոք և հաղորդվում է մի քանի անգամ՝ տարբեր ժամային գոտիների համար: «Եթե թագուհին ցանկանար կարևոր հայտարարութուն անել, նա դրա համար չէր ընտրի նախօրոք տեսագրված ճառը»,- The Daily Telegraph թերթին հայտարարել է Բուկինհեմյան պալատի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: