Մեծ Բրիտանիայի արքունիքը հրաժարվել է մեկնաբանել ավստրալական հանդեսի տարածած այն հաղորդագրությունը, թե Եղիսաբեթ Բ թագուհին իբր մտադիր է հրաժարվել գահից հօգուտ արքայազն Ուիլյամի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Բուկինհեմյան պալատում:
Մինչդեռ բրիտանական զանգվածային լրատվամիջոցները, որոնք սովորաբար ուշադությամբ հետևում են միապետական գերդաստանի կյանքին, համերաշխորեն անտեսել են այդ լուրերը և չեն արտատպել ավստրալական Women's Day հանդեսի մտացածին ենթադրությունները. այդ հանդեսը շաբաթական զանգվածային հրատարակություն է, որը մասնագիտացած է հռչակավոր մարդկանց վերաբերող լուրերի ոլորտում:
Հանդեսը նոյեմբերի 17-ին գրել է, թե Եղիսաբեթ Բ-ն իբր մտադիր է գահից հրաժարվելու մասին հայտարարել Ծննդյան տոների կապակցությամբ նախատեսված հեռուստաուղերձում: Դրանից հետո, եթե հավատալու լինենք ավստրալական հանդեսին, գահ պետք է բարձրանան թագուհու թոռը՝ Ուիլյամը, և նրա կինը՝ դքսուհի Քեյթը:
«Մենք լսել ենք այդ հոդվածի մասին, բայց մտադիր չենք այն մեկնաբանել»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է Բուկինհեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը: