Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին փետրվարի 6-ին նշում է գահակալման 65-ամյակը: Նա կդառնա պատմության մեջ առաջին բրիտանական միապետը, որին բախտ է վիճակվել տոնելու այդ տարեթիվը, որը կոչվում է կառավարման շափյուղյա հոբելյան:
1977 թվականին նա նշել է գահին՝ իր գտնվելու 25-այմակը (արծաթե հոբելյան), 2002 թվականին՝ 50-ամյակը (ոսկե), 2012 թվականին՝ 60-ամյակը (ադամանդե), տեղեկացնում է BBC-ն:
Փետրվարի 6-ին՝ տեղական ժամանակով կեսօրին (Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին) թագուհու պատվին Լոնդոնի Գրին-պարկում թագավորական հրետանին կտա 41 թնդանոթային համազարկ: Այլ հրապարակային միջոցառումներ պլանավորված չեն:
Եղիսաբեթ Բ-ն գահ է բարձրացել 25 տարեկանում: 2015 թվականի սեպտեմբերին նա գերազանցել է գահին գտնվելու տեւողության՝ Վիկտորյա թագուհու ռեկորդը, իսկ անցյալ տարվա ապրիլի 21-ին տոնել է իր 90-ամյակը:
Այն բանից հետո, երբ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին վախճանվեց Թաիլանդի Փումիփոն Ադուլյադեթ թագավորը (Ռամա IX-ը), Եղիսաբեթը դարձել է աշխարհի՝ ներկայում ապրող միապետերից ամենաերկարատեւ կառավարողը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: