ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքել է  պատգամավորի կապը Լոռու մարզի Արդվի համայնքում իրականացված տարածքի հետազոտության և հանքի հնարավոր շահագործման հետ: Գրասենյակից տեղեկացնում են, որ հանքի վերածվելու համար անհրաժեշտ կլինեն միլիոնավոր դոլարների ներդրում և տասնյակ տարիներ, ինչը, տնտեսագիտորեն, բնականաբար, դրական երևույթ է:

«Ընդերքը պարգև է, որը յուրաքանչյուր երկրի համար կարող է զարգացում ապահովել, սակայն, անկախ ներդրման չափից, եթե դա վնասելու է որևէ պատմամշակութային օբյեկտի, առավել ևս, այն հողին, որտեղ հանգչում է Ս. Հովհան Օձնեցի Հայրապետը, ապա դա անթույլատրելի է: Փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը` Վահրամ Բաղդասարյանի հեղինակության վրա ստվեր նետելու անարդյունք փորձեր կատարելով, պախարակում եք ինքներդ ձեզ: Դրդելով ԶԼՄ ներկայացուցիչներին հրապարակելու ստահոդ և չճշտված տեղեկություններ` կասկածի տակ եք դնում նրանց` տարիների հսկայական աշխատանքով վաստակած հասարակական վստահությունն ու հեղինակությունը:
Խորհուրդ կտանք լծվել հանրօգուտ աշխատանքի և դադարել զուր փորձերը անբարո ապատեղեկատվությամբ լրահոսը լցնելու»,-նշված է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հաղորդագրության մեջ: