Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել են նախագահական անձնագրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սաակաշվիլին լրագրողներին այսօր հայտնել է Ստրասբուրգում:
«Ավիաընկերությունում իմացա, որ իմ նախագահական անձնագիրը չեղյալ է համարվել, չնայած այն բանին, որ այն ինձ օրենքով հասնում է մինչեւ կյանքիս վերջը», -ասել է նա:
Սաակաշվիլին եւ Վրաստանի ներկայիս Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դեկտեմբերի 18-ին ներկա են եղել Եվրամիությունում եւ Եվրախորհրդարանում Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի վավերացման քվեարկությանը:
Սաակաշվիլին Ստրասբուրգ է ժամանել Եվրոպական ժողովրդական կուսակցության հրավերով: Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականի նոյեմբերին, երկրի գործող Նախագահ Մարգվելաշվիլիի երդմնակալությունից անմիջապես հետո, եւ այդ ժամանակվանից հետո չի վերադարձել հայրենիք:
Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին նախագահին հեռակա մեղադրանքներ է ներկայացրել չորս քրեական գործերով. անձնական կարիքների համար պետական միջոցների վատնում, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին 2005 թվականին ծեծի ենթարկելու, 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության:
Ներկայում Սաակաշվիլի նկատմամբ Վրաստանում որոնում է հայտարարված: Բացի այդ, Վրաստանի գլխավոր դատախազությունը Ինտերպոլին դիմել է Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային որոնում հայտարարելու հարցով: