Երևանի քաղաքապետարանը գալիք տարի կփորձի լուծել չորրորդ աստիճանի վթարային շենքերի հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ սա կենսական խնդիր է՝ բոլոր առումներով:

 

«Այս պահին գույքագրված են ինը շենքեր, այսինքն՝ հստակ մասնագիտական եզրակացություն է տրվել, որ այդ շենքերը ենթակա են քանդման և վերաբնակեցման: Լուծվելու է հենց առկա շենքերի խնդիրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կամո Արեյանը:

 

Երկրորդ հարցը, որին լուծում կտա քաղաքապետարանը, մայրաքաղաքում հանգստի գոտիների նոր ծավալների ստեղծումն է: Բացի այդ, քաղաքապետարանը լայն ծավալի նորոգման աշխատանքներ կկատարի նախադպրոցական հաստատություններում: «Սոցիալական առումով շարունակելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումը՝ բոլոր առումներով՝ քաղաքաշինական միջավայրի, տրանսպորտից օգտվելու տեսանկյունից»,-հավելեց Արեյանը:

 

Քաղաքապետի առաջին տեղակալի խոսքով՝ 2015 թվականը բեկումնային է լինելու ջրամատակարարման, ջրահեռացման հարցում: «Այստեղ արդեն մի քանի ռեսուրսներ են մասնակցելու, մեծ թափ է ստանալու այս հատվածը: Եվ իհարկե շարունակվելու են մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները»,-հավելեց Արեյանը: