Կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում Գյումրիում 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը և գալիք տարի էական քայլեր կձեռնարկի դրանց լուծման ուղղությամբ:
Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Մենք վերջնական հաշվարկ ենք իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ Գյումրիում աղետի հետևանքով անօթևան մնացած 430 ընտանիք կա:
Կառավարությունն արդեն շուրջ 1 միլիարդ 450 միլիոն դոլար է հատկացրել, որպեսզի մինչև 2015թ. հունիս 215 ընտանիք ստանա բնակարան, իսկ տարվա մյուս կեսի ընթացքում կլուծվեն մյուս 215 ընտանիքների բնակարանային խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ դրանից հետո կառավարությունը կլուծի Շիրակի մարզի գյուղական համայնքներում 260 ընտանիքների, ինչպես նաև Լոռու մարզի շուրջ 200 ընտանիքների բնակարանային խնդիրները:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը՝ Գյումրիում վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններ հատկացնելու վերաբերյալ՝ Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ վթարային շենքերի բնակիչների հետ կապված խնդիրները ֆինանսական լուրջ ռեսուրսներ են պահանջում: Նախարարը նշեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ նոր ճանապարհներ է որոնում՝ այդ խնդրիների լուծումը կապելով ներդրումային ծրագրերի հետ: