ՀՀ կառավարությունը 2015թ. կեսերին կավարտի Գյումրի քաղաքի երկրաշարժից տուժած բոլոր անօթևանների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելո վ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանի հարցին: «Մենք հաջորդ տարվա կեսերին կլուծենք Գյումրիի՝ երկրաշարժից տուժած և անօթևան մնացած 250 ընտանիքների խնդիրը: Դրա համար կպահանջվի 1.8 միլիարդ դրամ, և մենք գիտենք, թե որտեղից ենք ստանալու այդ միջոցները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

 

Նա ընդգծեց, որ դրանից հետո իրենց կմնա լուծել Շիրակի մարզի գյուղական համայնքների 160 ընտանիքների, ինչպես նաև Լոռու մարզի գյուղական համայնքների բնակարանային խնդիրները, որոնց նախատեսվում է լուծում տալ 2016թ.:

 

«Այստեղ մեզ անհրաժեշտ կլինի ևս երկու միլիարդ դրամ: Մենք մշակել ենք միջոցառումների ծրագիր և առաջիկայում կառավարությունում սկսելու ենք քննարկել ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացը, որոնք կնպաստեն այդ խնդիրների լուծմանը»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ իրենք բազմաթիվ անգամ քննարկել են այդ հարցը և արդեն գիտեն առկա խնդիրների լուծման ճանապարհները: