Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ կառավարությունը լուծում կտա երիտասարդ դասախոսների խնդիրներին, ովքեր բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքից:
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, ՀՀ ֆինանսների նախարարը նշեց, որ կառավարությունում այդ հարցը քննարկվում է:
«Այդ հարցը մեր ուշադրադրության կենտրոնում է: Կառավարությունը քննարկում է հարցը, և ես վստահեցնում եմ, որ մենք այդ հարցին լուծում կտանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Գագիկ Խաչատրյանը նկատեց, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո բազմաթիվ աշխատանքներ կային անելու, որոնք 6 ամսվա երկարատև ջանքերից հետո կարծես թե ավարտվել են, սակայն շարունակում է բաց մնալ երիտասարդ դասախոսների խնդիրը, որի ուղղութամբ իրենք աշխատում են:
Նա չբացառեց նաև, որ այդ հարցով կարող է նաև օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն առաջանալ: