Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Քեռնս քաղաքում ութ երեխաների սպանության մեջ կասկածվող 37-ամյա կնոջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել են Ավստրալիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

 

Ոստիկանության տվյալներով՝ կալանավորվածը զոհերից յոթի մայրն է, ութերորդ երեխան նրա ազգականն է: Դեկտեմբերի 19-ին կնոջը՝ կրծքավանդակին եւ պարանոցին դանակի վերքերով, հայտնաբերել են նույն այն տանը, որտեղ եղել են սպանված երեխաները: Նրան հիվանդանոց են տեղափոխել որպես տուժածի, իսկ հետագայում կալանավորել են սպանության կասկածանքով: Միեւնույն ժամանակ իրավապահ մարմիններում ընդգծել են, որ նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել:

 

«Երեխաներից մի քանիսի 37-ամյա մայրը ձերբակալվել է սպանության կասկածանքով եւ ներկայում գտնվում է կալանքի տակ: Նա գիտակից վիճակում է եւ պատասխանում է ոստիկանության հարցերին»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը ավստրալական ABC հեռուստաալիքի հետ զրուցելիս:

 

Սպանված երեխաները 18 ամսականից մինչեւ 14 տարեկան են: Նրանց բոլորի մոտ հայտնաբերվել են դանակով հասցված վերքեր:

 

Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոթը «սահմռկեցուցիչ» է անվանել զանգվածային սպանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: