Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի' առողջական վատ վիճակով պայմանավորված անգործունակությունը վերջին շրջանում Թուրքիայի հայ համայնքում պատճառ էր դարձել բուռն քննարկումների: Համայնքի մի շարք ներկայացուցիչներ սկսել էին բարձրացնել աթոռակից կամ նոր պատրիարք ընտրելու հարցը: Որպես ներքին համայնքային խնդիրներից լավատեղյակ անձ` «Արմենպրես»-ը զրուցել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ' փորձելով պարզել Թուրքիայի հայկական համայնքի ներսում տեղի ունեցող գործողություններն ու հավանական զարգացումները:
«Պոլսո Հայոց պատրիարական աթոռը հայ առաքելական եկեղեցու ամբողջի մեջ ավելի քան հինգ հարյուր հիսուն տարվա անցյալ ունեցող կառույց է: Այդ հնության հանգամանքները խորհրդանշում են նաև վարչական ավանդույթներ: Թուրքայի Հայոց պատրիարքությունը ունեցել է Ազգային սահմանադրություն, որը պատրիարքության ամբողջ վարչակազմակերպչական դրության համակարգի ակունքներում է: Ճիշտ է, այսօր զանազան պատճառներով այդ Ազգային սահմանադրությունը պաշտոնապես չի գործադրվում, չի կիրառվում պետության վերաբերմունքի հետևանքով, բայց մենք՝ Թուրքիայի Հանրապետությա ն քաղաքացիներս, մեր ներազգային, ներեկեղեցական կյանքը կազմակերպելիս այդ սահամանդրության ոգուց և տառից հեռանալու համար որևէ պատճառ չունենք»,-«Արմենպրես»-ին ասաց Գոչունյանը' ներկայացնելով, որ Պոլսո պատրիարքարանի շուրջ 550 տարվա գոյության ընթացքում աթոռակից պատրիարքի կարգավիճակ երբևէ չի եղել:
«Մեր առաքելական եկեղեցու արդի պատմության մեջ այդ աթոռակցության դրությունը եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մեջ, և դրա հետևանքները մեզ ծանոթ են: Մեր եկեղեցու մեջ պառակտման միջավայր է ստեղծվել, հետևաբար իմաստ չուն ի, որ մենք էլ այդպիսի փորձառություն դնենք և կիրառենք մեզ մոտ»,- ընդգծեց Գորչունյանը' հավելելով, որ նման նոր իրավիճակը կարող է ռիսկային լինել Թուրքիայի հայկական փոքրամասնության համար:
«Պատրիարքական ընտրություն հնարավոր չէ անցկացնել առանց համայնքում ցնցումներ առաջացնելու: Իսկ մենք պետք է հաշվի առնենք, արդյոք այդ ցնցումը կբերի որևէ լավ բանի' լինելով չարյաց փոքրագույնը, թե ավելի լավ է մի փոքր էլ շարունակվի հիմիկվա դրությունը… Կարծում եմ, որ ներկայից վատ դրության մի փոքր ավելի շարունակվելն ավելի լավ կլինի, քան այժմ հայկական համայնքում ցնցումներ, պառակտումներ առաջացնելը: Բացի այդ, թուրքական ԶԼՄ-ներն անմիջապես սկսում են գրել, որ հայկական համայնքի մեջ այսպիսի պառակտում է առաջացել, հայերը չեն կարողանում համաձայնել պատրիարքի ընտրության հարցում և այլն, և այլն: Այսինքն, այդ ամենը պարզապես լրացուցիչ գլխացավանք կառաջացնի թուրքական հասարակության աչքի առաջ»,- ասաց «Ժամանակ» պարբերականի խմբագիրը:
Անդրադառնալով ներհամայնքային խնդիրներին'Գոչունյանը նշեց, որ վերջին շուրջ մեկ տասնյակ տարվա ընթացքում համայնքի մի շարք խնդիրներ իրենց գործնական լուծումները ստացել են: «Մի կողմից չի կարելի ասել, որ այդ լուծումները բավարար են, սակայն մյուս կողմից էլ եթե մեզ 15 տարի առաջ ասեին, որ այս խնդիրները լուծման հնարավորություն կունենան, մենք չէինք հավատա: Հետևաբար, մենք այսօր լավատես ենք և մյուս հարցերին էլ լավատեսությամբ ենք նայում»,- ասաց նա' հավելելով, որ ներկայիս հայ համայնքը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ իր ամենավատ ժամանակաշ րջանը չէ, որ ապրում է: «Մենք օրինապահ քաղաքացիներ ենք, մեր քաղաքացիական բոլոր պարտքերն անում ենք, իսկ փոխարենը պահանջում մեր իրավունքները:
Որպես համայնք' մենք, բնականաբար, շատ ենք ցանկանում, որ Թուրքիան և Հայաստանը բնականոն հարաբերություններ ունենան: Բացի ամբողջ տարածաշրջանին բերելիք երկկողմանի օգուտներից, մեր համայնքը կշահի դրանից թեկուզև միայն բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությամբ: Բայց մենք, տեղում լինելով և տեղի մթնոլորտը շնչելով, հասկանում ենք, որ այդ բանի համար պետք է մի փոքր ևս սպասել»,- եզրափակեց Գոչունյանը: