Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ստամբուլ կատարած այցի շրջանակներում, սպասվում է, որ կտեսակցի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում գտնվող Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokratha ber.net-ը:

 

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից տառապում է անբուժելի' Ալցհեյմերի հիվանդությամբ և անգիտակից վիճակում գտնվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Նա բժիշկների մշտական խնամքի ներքո է' անկողնային վիճակում:

 

Հռոմի պապը Թուրքիա է ժամանել նոյեմբերի 28-ին: Ֆրանցիսկոսի ինքնաթիռը ժամանել է Անկարայի «Էսենբողա» օդանավակայան: Մայրաքաղաքում նա այցելել է Աթաթուրքի դամբարան, հանդիպումներ ունեցել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև Կրոնական գործերի նախարարի հետ: Նոյեմբերի 29-ին Ֆրանցիսկոսը կմեկնի Ստամբուլ:

 

Հռոմի պապի այցի ընթացքում աշխատանքի մեջ կլինի շուրջ 2700 ոստիկան: Նրանցից հազարը կհսկեն այն փողոցները, որոնցով անցնելու է Ֆրանցիսկոս պապը: Անկարայի դատարանը իրավապահ մարմիններին նաև թույլատրել է բոլոր վերոնշյալ փողոցներում զննել կասկածելի թվացող անձանց: Ֆրանցիսկոսի այցը կլուսաբանի 900 հավատարմագրված լրագրող:

 

Հռոմի պապի այցելությունը կայանում է Պոլսո Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հրավերով: Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը նոյեմբերի 30-ին Ստամբուլում միասին պատարագ կմատուցեն: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոսը կլինի Հռոմի չորրորդ պապը, ով այցելում է Թուրքիա: