Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել թուրքերին ցնցող հերթական հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Էրդողանը հակաբեղմնավորիչ պրեպարատների օգտագործումը «պետական դավաճանություն» է անվանել:
«Սերնդաբանությունը շատ կարեւոր տնտեսական եւ հոգեւոր նշանակություն ունի», -բացատրել է Էրդողանը: Մինչ այժմ այն հարսանյաց արարողություններին, որոնց նա վկա է եղել, Էրդողանը նորապսակներին կոչ է արել գոնե երեք երեխա ունենալ:
Թուրքիայի նախագահը աղմկալից հայտարարությամբ հասարակությանը զարմացրել էր նաեւ մեկ ամիս առաջ: Նոյեմբերին նա հայտարարել էր, որ տղամարդիկ եւ կանայք հավասար չեն, իսկ կանայք չեն հասկանում մայրության կարեւորությունը:
2012 թվականին Էրդողանը փորձել էր արգելել աբորտները Թուրքիայում, բայց հետագայում հասարակական դժգոհության պատճառով հրաժարվել էր իր մտադրությունից:
Համաշխարհային բանկի տվյալներով' Թուրքիայում գումարային ծնելիության գործակիցը վերջին տարիներին ընկել է: 1990 թվականից մինչեւ 2012 թվականն այդ ցուցանիշը 3,08 տոկոսից իջել է մինչեւ 2,07 տոկոսի: Որոշ տվյալներով' Թուրքիան մուտք է գործում ծերացող հասարակություն ունեցող երկրների շարքը: