2016 թվականի դեկտեմբերի 29-ին ադրբեջանական զինուժը խախտեց հայ-ադրբեջանական պետական սահմանը: Ադրբեջանական կողմից դիվերասիա իրականացրեցին Տավուշի մարզում, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ երեք զոհ: Դիվերասանտներից մեկի մարմինը մինչ այս պահը գտնվում է հայկական կողմում, Ադրբեջանի կողմից հերթական անգամ Հայաստանի հանրապետության պետական սահմանը խախտելու և մարտեր հրահրելու հետևանքով:

 

Հունվարի 9-ին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր եղան»:

 

Այստեղ տեղին է մեջբերել, որ Երևանը չի մեղադրում, հայկական կողմն ունի ռեալ ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն են հասել մեզ մոտ և ոչ թե հակառակը: 

 

Հայտարարության մյուս հատվածում Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունները՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես հումանիտար բնույթը։ Իսկ քանի՞ անգամ է Բաքուն ցուցաբերել նման հումանիտար վերաբերմունք և բարձր մակարդակով վերադարձրել հայ զինվորների մարմիններն՝ առանց խեղելու և դիակապության: Արդյո՞ք ապրիլյան քառօրյա սրացման ժամանակ հայ զինվորների դիերն Ադրբեջանը մեզ վերադարձրեց՝  հավատարիմ մնալով միջազգային հանրության հումանիտար բնույթ կրող կոչերին: Իհա՛րկե ոչ:

 

Ու հիմա, երբ և ՀԱՊԿ-ը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է և վաղուց ժամանակն է, որ հասցեական հայտարարություններ հնչեցնեն, Ադրբեջանին մեղադրեն հերթական անգամ այլ պետության պետական սահմանը խախտելու և պատերազմ հրահրելու մեջ, հրապարակում են անհասցե մի հայտարարություն, որն իր բովանդակությամբ չի կարող տալ որևէ խնդրի լուծում  և, որ ամենակարևորն է, զսպող մեխանիզմ դառնալ մեր հարևան ագրեսորի համար: 

 

Հունվարի 9-ին տարածած հայտարարության մեջ  ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար պարտավորություններ և լիազորություններ ստանձնած համանախագահները պարզապես կրկնում են արդեն որերորդ անգամ հնչեցրած միտքը՝ կողմերին կոչ անելով դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ տեղում իրավիճակը կայունացնելու համար։ Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում  նաև զոհված զինծառայողների ընտանիքներին և բոլոր հայերին ու ադրբեջանցիներին։ Ստացվում է՝ համանախագահները  հավասարության նշան են դնում Երևանի և Բաքվի գործողությունների մեջ՝ հավասարապես մեղադրելով  երկու կողմերին էլ: Մինչդեռ նման պատասխանատու կառույցը պետք է բռներ Ալիևի ձեռքը, ով շարունակում է Հայաստանին դիտարկել որպես ագրեսոր պետություն՝ աչք տնկելով  պատմական Հայաստանին պատկանող տարածքների վրա: Ալիևյան վարչակարգը շարունակում է հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական ողջ սահամանգոտին պահել լարվածության մեջ՝ անտեսելով ցանկացած տիպի միջազգային պարտավորություն և խաղաղասիրական կոչ: Հետաքրքրական է, որ Ադրբեջանը դիվերսիաներ իրականացնելիս չի հիշում խաղաղասեր միջազգային հանրությանը, իսկ երբ հերթը հասնում է հայկական կողմում գտնվող իր զինվորի մարմինը պահանջելուն, դիմում է նրանց օգնությանը: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի հունվարի 9-ի հայտարարությունից օրեր առաջ  Ադրբեջանը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանը պահպանի Ժնևյան կոնվենցիայի պահանջները և հանձնի զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը: Այս մասին ասված է Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց գործերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

 

 Հետաքրքրական է, որ ադրբեջանական ԱՊՊԱ լրատվականը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարւթյունը հրապարակել է «ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում հայկական կողմին վերադարձնել ադրբեջանցի զինվորի մարմինը» վերնագրով: 

 

Ու հիմա հարց է առաջանում. ԵԱՀԿ Մինսկի խումբն անսացել է Ալիևի խնդրանքի՞ն, թե՞ այս հայտարարությունն ընդամենը հերթականն է՝ ոչինչ չասող,  և ում է ձեռնտու բռնապետին չսանձող այս հերթական հայտարարությունը...

 

Աղավնի Սուքիասյան