Նիկարագուայի փոխնախագահ Օմար Ալիեսլեւենսի եւ HKND Group չինական ընկերության նախագահ Վան Ցզինի ներկայությամբ դեկտեմբերի 22-ին երկրում մեկնարկել են Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների միջեւ ջրանցքի կառուցման աշխատանքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ալիեսլեւենսը նշել է, որ նախագծի իրացումը աղքատության դեմ պայքարում նախագահ Դանիել Օրտեգայի ծրագրի բաղկացուցիչ մասն է, քանի որ ջրանցքը սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն կունենա կենտրոնամերիկյան երկրի համար եւ կստեղծի մեծ թվով աշխատատեղեր՝ մոտավորապես 50 հազար՝ շինարարության ընթացքում եւ 200 հազար՝ շահագործման հանձնելուց հետո՝ ջրանցքի հետ կապված նախագծերի հաշվառմամբ:

 

Փոխնախագահն ասել է, որ նախագծի իրագործմամբ Նիկարագուայի ՀՆԱ-ի աճը կկազմի 8-10 տոկոս, ճշտել է La Voz del Sandinismo պորտալը:

 

Նախագծի արժեքը գնահատվում է 50 մլրդ դոլար, գլխավոր ներդրողը HKND չինական ընկերությունն է: Ջրանցքի երկարությունը կկազմի գրեթե 280 կիլոմետր, խորությունը՝ մոտավորապես 27 մետր, լայնությունը կտատանվի 226-530 մետրի սահմաններում:

 

Պլանավորվում է, որ ջրանցքով նավերի անցման ժամանակը չի գերազանցի 30 ժամը: Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս նոր ջրուղին նախատեսված է որպես արդեն գոյություն ունեցող Պանամայի ջրանցքի այլընտրանք, որը գտնվում է ընդամենը 600 կիլոմետր հեռավորության վրա:

 

Ալիեսլեւենսը ճշտել է, որ 2019 թվականին ջրանցքի շահագործման հանձնումը թույլ կտա ծովային ուղիով Ամերիկայի, Եվրոպայի եւ Ասիայի միջեւ բեռների փոխադրման արժեքը նվազեցնել մոտավորապես 30 տոկոսով: Մասնագետներն այն կարծիքին են, որ ջրանցքի տարեկան թողունակությունը կկազմի մեծ ջրատարողությամբ 5,1 հազար նավ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: